ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչները ներկայում փորձում են հասնել ժամանակավոր հուշագրի՝ հակամարտության սրացումը կանխելու նպատակով, հաղորդում է Reuters-ը։
Այս մոտեցումը ձևավորվել է անցած հանգստյան օրերին Իսլամաբադում կայացած, սակայն արդյունք չտված բանակցություններից հետո։ Տարաձայնությունները շարունակում են պահպանվել Իրանի միջուկային ծրագրի շուրջ, մասնավորապես՝ հարստացված ուրանի ճակատագրի վերաբերյալ։
Բարձրաստիճան իրանցի պաշտոնյան նշել է, որ կողմերը սկսել են որոշ հարցերում մեղմել դիրքորոշումները, այդ թվում՝ Հորմուզի նեղուցի վերահսկման վերաբերյալ։ Նշված նեղուցով անցնում է աշխարհի նավթի և գազի մատակարարումների մոտ 20 տոկոսը, և վերջին շաբաթներին այն մեծ մասամբ փակ է եղել նավերի համար։
Reuters-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Իրանը պատրաստակամ է ապահովել նավերի ազատ անցումը Հորմուզի նեղուցի օմանյան հատվածով՝ առանց հարձակման վտանգի, եթե ձեռք բերվի կայուն համաձայնություն։
Արևմտյան դիվանագետներից մեկը նշել է, որ միջուկային հարցը շարունակում է մնալ հիմնական խոչընդոտը։
Իրանցի աղբյուրների համաձայն՝ եթե հակամարտությունը դադարեցնելու վերաբերյալ հուշագիր ստորագրվի, ապա կողմերին կտրվի 60 օր վերջնական համաձայնագրի հասնելու համար։ Այդ գործընթացը կպահանջի փորձագետների, ինչպես նաև Միջազգային ատոմային էներգիայի գործակալության (ՄԱԳԱՏԷ) ներգրավում։
Հիշեցնենք, որ Իրանի միջուկային գործունեությունը սահմանափակող և պատժամիջոցների մեղմացում նախատեսող նախորդ միջազգային համաձայնագիրը ստորագրվել էր 2015 թվականին, և դրա շուրջ բանակցությունները տևել էին գրեթե երկու տարի։
