Armsport.am-ը գրում է․
Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին ձեռք է բերել իսպանական 5-րդ դիվիզիոնը ներկայացնող «Կոռնելիա» ֆուտբոլային ակումբը: Այս մասին պաշտոնապես հայտնում է Բարսելոնա նահանգը ներկայացնող թիմի մամուլի ծառայությունը։
cԱյս քայլն ամրապնդում է Մեսսիի սերտ կապը Բարսելոնայի հետ և նրա հանձնառությունը՝ զարգացնելու սպորտը և տեղական տաղանդներին Կատալոնիայում: Սա կապ է, որը ծնվել է դեռևս «Բարսելոնայում» նրա ելույթների տարիներին և պահպանվում է մինչ օրս»,- ասված է ակումբի պաշտոնական հայտարարության մեջ։
Ակումբը հիմնադրվել է 1951 թվականին:
«Կոռնելիայի» ակադեմիայով են անցել բազմաթիվ հայտնի ֆուտբոլիստներ, որոնց թվում են Ժորդի Ալբան, Կեյտա Բալդեն, Դավիդ Ռայան, Խերարդ Մարտինը, Խավի Պուադոն և Այտոր Ռուիբալը:
Ընթացիկ մրցաշրջանում թիմը 30 տուրից հետո վաստակած 55 միավորով զբաղեցնում է Իսպանիայի հինգերորդ դիվիզիոնի 5-րդ խմբի մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը:
Հիշեցնենք, որ 38-ամյա արգենտինացին 2023 թվականից հանդես է գալիս ամերիկյան MLS-ը ներկայացնող «Ինտեր Մայամիում»։ Նախկինում՝ 2003-ից 2021 թվականներին, Մեսսին պաշտպանել է «Բարսելոնայի» գույները՝ դառնալով Իսպանիայի տասնակի չեմպիոն, երկրի յոթակի գավաթակիր, ինչպես նաև կատալոնական ակումբի հետ չորս անգամ հաղթելով Չեմպիոնների լիգայում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: