Վրաստանի՝ ԵՄ-ին անդամակցությունը և Բրյուսելի հակառուսական պատժամիջոցներին հետևելը ծանր հարված կհասցնի կովկասյան հանրապետության զբոսաշրջության ոլորտին և կզրկի նրան Ռուսաստանի և ԱՊՀ-ի հետ արտոնյալ առևտրից, հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
«Եվրամիությանը Վրաստանի անդամակցությունը, հաշվի առնելով Բրյուսելի ապակառուցողական պահանջները, ծանր հարված կհասցնի Վրաստանի զբոսաշրջության ոլորտին և կվտանգի Վրաստանում և Ռուսաստանում ապրող ազգականների միջև հաղորդակցությունը. նրանք կկորցնեն միմյանց նորմալ այցելելու հնարավորությունը։ Ավելին, Վրաստանը ստիպված կլինի միանալ մեր երկրի դեմ էներգետիկ էմբարգոյին», – ասել է Զախարովան ճեպազրույցի ժամանակ։
Նա նշել է, որ Ռուսաստանը Վրաստանի նավթամթերքի և բնական գազի հիմնական և հուսալի մատակարարներից մեկն է։
«Եվրամիությանը անդամակցելը նաև կնշանակի, որ Վրաստանը կկորցնի Ռուսաստանի և ԱՊՀ երկրների հետ արտոնյալ առևտրային ռեժիմը, որոնք նրա հիմնական շուկաներն են», – հավելել է Զախարովան։
Ապրիլի 15-ին Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլին հայտարարել էր, որ Վրաստանի հետ 2024 թվականին ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ քաղաքական երկխոսությունը կասեցնելու որոշումը կայացրել են ոչ թե վրացական իշխանությունները, այլ Բրյուսելը։
