Վրաստանի խորհրդարանը երրորդ՝ վերջնական ընթերցմամբ ընդունել է օրենսդրական փոփոխություններ, որոնցով ներդրվում է նոր՝ C5 կարգի վիզա՝ նախատեսված բարձր եկամուտ ունեցող օտարերկրացիների համար, որոնք հեռավար աշխատում են արտասահմանյան ընկերությունների հետ։
Օրենսդրական փոփոխությունների համաձայն՝ C5 վիզան բազմակի մուտքի կարճաժամկետ վիզա է՝ մինչև հինգ տարի գործողության ժամկետով։ Այն հնարավորություն է տալիս օտարերկրացիներին բնակվել Վրաստանում մինչև 12 ամիս։
Վիզան հասանելի կլինի այսպես կոչված «անվտանգ երկրների» քաղաքացիներին, ովքեր մուտք են գործում երկիր զբոսաշրջային նպատակներով և աշխատում են բացառապես ոչ ռեզիդենտ կազմակերպությունների համար։
Նոր կարգավորումը տարածվում է նաև դիմորդների ընտանիքների վրա՝ ներառելով ամուսիններին և անչափահաս երեխաներին։
Նախաձեռնության հեղինակները՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունից, նշում են, որ նոր մեխանիզմը համադրելի է «թվային քոչվորների» վիզաների հետ, որոնք արդեն գործում են մի շարք երկրներում և միտված են ներգրավել ֆինանսապես ապահով մասնագետների։
Փոփոխություններով նախատեսվում է նաև վիզայի տրամադրման ընթացակարգերի պարզեցում․ որոշումները կարող են կայացվել արագացված կարգով։ Միաժամանակ սահմանվում է մերժման նոր հիմք՝ «պետական միգրացիոն քաղաքականությունը», որի հիման վրա ընդունված որոշումները չեն ենթարկվելու բողոքարկման։
C5 վիզայի արժեքը կկազմի 20-ից 500 ԱՄՆ դոլար։
Բացի այդ, խորհրդարանը արագացված կարգով փոփոխություններ է ընդունել նաև «Աշխատանքային միգրացիայի մասին» օրենքում։ Ըստ այդ փոփոխությունների՝ օրենքի գործողությունը չի տարածվի այն օտարերկրացիների վրա, որոնք հեռավար աշխատում են արտասահմանյան ընկերությունների հետ կամ իրականացնում են կարճաժամկետ մասնագիտական գործունեություն՝ առանց տեղական աշխատաշուկա մուտք գործելու։