Թուրքիայում երկու դպրոցներում հնչած կրակոցներից հետո ձերբակալվել է 162 անձ

Թուրքիայի երկու դպրոցներում հնչած կրակոցներից հետո ձերբակալվել է 162 մարդ, հայտնում է «Ինտերֆաքսը»՝ հղում անելով Թուրքիայի արդարադատության նախարար Աքըն Գյուրլեքին։

Նա հայտարարել է, որ ձերբակալվածները կասկածվում են հարձակումների մասին կեղծ տեղեկություններ տարածելու և դրանց հանրային հավանություն տալու համար։ Այս խախտումների համար արգելափակվել է ավելի քան 1100 սոցիալական ցանցերի հաշիվ։

«Մենք հայտնաբերել ենք բազմաթիվ հաշիվներ, որոնց բովանդակությունը նպաստում է բնակչության շրջանում վախի, անհանգստության և խուճապի տարածմանը։ Այս հաշիվները հրապարակայնորեն տարածում էին մոլորեցնող տեղեկատվություն և գովաբանում հանցագործություններն ու հանցագործներին», – հայտարարել է նախարարը։

Ապրիլի 15-ին Քահրամանմարաշ քաղաքի ավագ դպրոցում սպանվել էր 9 մարդ, այդ թվում՝ դեռահաս կրակողը։ Ապրիլի 14-ին Շանլիուրֆա նահանգի դպրոցի նախկին աշակերտը ներխուժել էր շենք և վիրավորել 16 մարդու։ Ավելի ուշ նա ինքնասպանություն էր գործել։

Leave a Comment