ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ապրիլի 1-ին կայացած հանդիպումից անցել են շաբաթներ։ Չնայած հայկական կողմի հավաստիացումներին, թե բանակցությունները կառուցողական էին, բիզնեսը և քաղաքացիները դժգոհում են՝ արձանագրելով, որ Մոսկվան փոխել է իր վերաբերմունքը։
Վարչապետի մարզային այցերի ժամանակ քաղաքացիները նրան մեղադրել են Ռուսաստանի հանդեպ իշխանությունների որդեգրած քաղաքականության բացասական հետևանքների համար։
«Ի՞նչ է լինելու մեր վիճակը ՌԴ-ի հետ։ Բռնեցին, իմ անձնագիրը քրքրեցին, «անուլիրովատ» արին։ Տեխնիկաներս էնտեղ, կին-երեխաս՝ այնտեղ, մորս գերեզմանն՝ այնտեղ․․․»,- ասել է քաղաքացիներից մեկը Փաշինյանին։
Նրա վարած քաղաքականության հետ հաշտ չեն նաև հայ գործարարները: Փաշինյանն ապրիլի 13-ին հանդիպել էր խոշոր բիզնեսի ներկայացուցիչների հետ և հավաստիացրել, որ դժվարությունները կհարթվեն։
«Իմ հիմնական ուղերձն այն է, որ մենք գոլային իրավիճակը ստեղծել ենք, հատկապես տնտեսության համար մենք պետք է կարողանանք այդ վիճակը շարունակական անընդհատ օգտագործել»,- նշել է նա։
Եվ չնայած կառավարության հրապարակված տեսանյութում միայն ՌԴ-ի թեմայի հետ կապ չունեցող հատված էր, սակայն հանդիպման մասնակիցները ԶԼՄ-ներին պատմել են, որ նույնիսկ բացեիբաց դժգոհել են կառավարության վարած քաղաքականությունից։
Հատկանշական էր, որ վարչապետի հետ հանդիպմանը չեն մասնակցել գործարարներ Սամվել Կարապետյանի և Գագիկ Ծառուկյանի ընկերությունների ներկայացուցիչները։
Մոսկվայի ազդակները սկսվել էին Պուտին-Փաշինյան հանդիպումից մի շաբաթ հետո, երբ ապրիլի 7-ին ՌԴ կարգավորող մարմինը դիմել էր դատարան՝ «Պռոշյանի կոնյակի գործարանին» արտահանման լիցենզիայից զրկելու հայցով, իսկ ապրիլի 12-ին իրավապահները նոր ընթացք էին տվել «Ջերմուկի» վերաբերյալ հին գործին, չնայած այն հանգամանքին, որ փորձաքննությամբ հերքվել էր բուն հանքային ջրի հետ կապն այդ գործին։
Ղեկավարների հանդիպումն ու դրան հաջորդած զարգացումները վեր հանեցին հայ-ռուսական հարաբերություններում կուտակված խնդիրները, հատկապես նախընտրական այս փուլում։ Թե արդյոք կողմերը կգնան իրավիճակի հետագա սրման, կկարողանան գտնել փոխզիջումային լուծումներ, թե ոչ, ցույց կտա ժամանակը։
Կողմերը չթաքցրին հակասությունները և բացահայտ խոսեցին դրանց մասին։
Մոսկվան դժգոհությունը հանրայնացնում է՝ հերքելու այն թեզը, թե Ռուսաստանը խնդիրներ չունի Հայաստանի հետ, և ասելու՝ Երևանի հնչեցրած պաշտոնական տեսակետները ռուսական կողմն ընկալում է որպես քննադատություն իր հասցեին:
Քաղաքագետ Դավիթ Հարությունովի գնահատմամբ՝ կողմերն այլևս չեն փորձում թաքցնել տարաձայնությունները և առաջին անգամ, ամենաբարձր մակարդակով բացահայտ խոսել են դրանց մասին: Նրա կարծիքով՝ պրոտոկոլային հանդիպման ժամանակ խոսվել է առկա հակասությունների մասին, մինչդեռ նախկինում ընդունված պրակտիկա էր, որ միայն ավելի ցածր մակարդակի պաշտոնյաներն են ինչ-որ ձևով «մեսիջներ» ուղարկում առկա խնդիրների վերաբերյալ։
«ԱՊՐԻ-Արմենիա» վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Բենիամին Պողոսյանն, իր հերթին, նշել է, որ Մոսկվայի դժգոհությունները պայմանավորված են 2020-2023թթ. իրադարձությունների վերաբերյալ Երևանի հնչեցրած պաշտոնական տեսակետներով, որոնք ռուսական կողմն ընկալում է որպես քննադատություն իր հասցեին:
«Ռուսաստանը կցանկանար նմանատիպ խոսակցությանը վերջ դնել և չէր ցանկանա, որպեսզի դժգոհությունը Ռուսաստանից, ՀԱՊԿ-ից օգտագործվեր մեր քաղաքական քննարկումներում»,- պարզաբանել է նա։
Պողոսյանի դիտարկմամբ՝ «մոլդովական սցենարի» հիշատակմամբ Մոսկվան ակնարկում է, որ չէր ցանկանա Հայաստանում տեսնել այնպիսի զարգացումներ, որոնք ուղեկցել էին Մոլդովայի ընտրական գործընթացները 2025 թվականին։
Փաշինյանի կողմից հանդիպումը «հաջող» որակելը փորձագետները բացատրում են հարաբերությունների կառուցողական կողմն ընդգծելու փորձով։ Հարությունովի խոսքով՝ ՀՀ իշխանությունները չեն ուզում ընդունել, որ խնդիրներն այդքան շատ ու խորն են ռուսական կողմի հետ:
Պողոսյանի դիտարկմամբ՝ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հարցազրույցը հստակ ազդակ էր Հայաստանի ղեկավարության խոսքի և գործի հնարավոր անհամապատասխանության վերաբերյալ։
Հարությունովի կանխատեսմամբ՝ TRIPP («Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման») նախաձեռնության և երկաթուղային կոնցեսիայի շուրջ տարաձայնությունները կարող են լարվածության նոր փուլի հանգեցնել։ Փորձագետները նշում են, որ իրավիճակի սրմանը կհանգեցնի նաև պաշտոնական Երևանի արձագանքը։
Փաշինյանի «հաջող» գնահատականին հաջորդեցին Երևանի կոշտ արձագանքները. ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չբացառեց ԵԱՏՄ-ից դուրս գալը պատժամիջոցների դեպքում։ «Բայց չեմ կարծում, որ կգնա, դրան կհասնի»,- շեշտեց նա։
Իսկ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդգծեց Հայաստանի և միության փոխադարձ տնտեսական կախվածությունը։ «ՀՀ-ն ԵԱՏՄ-ին շատ պետք է՝ իմ կարծիքով։ Այդ կարևորությունը, իմ կարծիքով, գազի գնից թանկ է»,- նշեց նա։
Չնայած Երևանը փորձում է հավասարակշռել դիվանագիտական երկխոսությունն ու սեփական շահերի կոշտ պաշտպանությունը, արդյո՞ք դիվանագետների ջանքերը բավարար կլինեն սպասվող ընտրություններից առաջ լարվածությունը թուլացնելու համար։
Վարչապետն ԱԺ-ում ապրիլի 15-ին պատասխանելով պատգամավորների հարցերին՝ ասաց, որ ՀՀ կառավարության վարած բալանսավորման քաղաքականությունը ենթադրում է լավ հարաբերություններ պահպանելը ՌԴ-ի հետ։
Սրանք հարցեր են, որոնց պատասխանները դեռևս մնում են Երևանի և Մոսկվայի փակ դռների հետևում։ Մինչ այդ, իշխող կուսակցությունն իր նախընտրական հոլովակներում արդեն իսկ հակադրում է դեպի Եվրամիություն և Ռուսաստան ձգտող քաղաքական ուղղությունները՝ քաղաքացիներին զգուշացնելով սոցիալական ցանցերի հնարավոր սահմանափակումների և այլ վտանգների մասին։
Արաքսյա Սնխչյան
