Հայաստանը վաղուց ձեր ձեռքում կենտրոնացած ավտորիտար ռեժիմ է, որովհետև ներշնչված «Պետությունը ես եմ» համոզումով, մի կողմ եք դրել օրենքի ուժ ունեցող կառավարության ծրագիրը, դրժել եք բոլոր խոստումներն ու հիմա թուրք-ադրբեջանական օրակարգն եք դարձրել ուղենիշ։ Այս մասին այսօր՝ ապրիլի 16-ին, ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
«Անցնող տարիների ձեր դիվանագիտական ձախողումները, անձնական վախերն ու պատկերացումները Հայաստանի պարտությունը դարձրել են անշրջելի, խորացրել երկրի անկումը։
Իշխանության եկաք համազգային էյֆորեայի մթնոլորտում, իսկ այսօր ատելություն ու վրեժ եք ցանում․ — քաղաքական բանտարկյալներ, հալածվող եկեղեցի, միջազգային նվաստացում, հուսալքված հասարակություն, լրագրողների ահաբեկում։
Նաև անսահման պոպուլիզմ և սուտ, որտեղ անգերազանցելի եք։
Վերջերս էլ հայտարարեցիք, թե աղետաբեր պատերազմ կլինի, եթե սահմանադրական մեծամասնություն չունենաք։ Ալիևը ձեզ է շանտաժի ենթարկում, դուք՝ հայ ժողովրդին։
Իրականում խոստովանում եք, որ ոչ մի խաղաղություն էլ չեք բերել, տապալել եք երկրի ռազմավարական և դիվանագիտական կարողությունները։ Որդեգրել եք շարունակական զիջումների՝ այսինքն քաղաքական և քաղաքակրթական ինքնասպանության ճանապարհը։ Այսպիսով հնարավոր պատերազմի պարագայում արդարացնում եք նաև հերթական ագրեսիան»,- նշեց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։