
Մադրիդի Ազգային գրադարանում, Մաշտոցյան Մատենադարանի և ՀՀ ԿԳՍՄ նախարարության նախաձեռնությամբ, բացվել է «Հոգևոր քարտեզի արահետներով. հայկական ձեռագրական արվեստը» խորագրով ցուցադրությունը: Այն ներառում է 9-19-րդ դարի միջնադարյան ձեռագրեր, որոնք ստեղծվել են հայկական գրչության տարբեր կենտրոններում:



Իսպանացի արվեստասերների շրջանում արդեն իսկ մեծ հետաքրքրություն առաջացրած ցուցահանդեսի առանցքային նմուշներից են հայկական ինքնատիպ տառատեսակները, մասնավորապես՝ թռչնագրերը, և նշանավոր Շուխունց խնդրակատար Ավետարանը:
Ցուցադրության համակարգող, արվեստագիտության թեկնածու, Մատենադարանի թանգարանային մասի ղեկավար Իվետ Թաջարյանի համոզմամբ՝ նմանօրինակ միջոցառումներն էական նշանակություն ունեն միջմշակութային կապերի խորացման և երկրների միջև ջերմ հարաբերությունների ամրապնդման գործում: Հայկական հոգևոր արվեստի բացառիկ նմուշները Մադրիդում հասանելի կլինեն երեք ամիս: