Ռուբիոն որպես միջնորդ հանդես կգա Նեթանյահուի և Աունի հեռախոսազրույցի ժամանակ

Ռուբիոն որպես միջնորդ հանդես կգա Նեթանյահուի և Աունի հեռախոսազրույցի ժամանակ

Դիվանագիտական աղբյուրները «Ալ-Ջադիդ» պարբերականին հայտնել են, որ ԱՄՆ-ն և ՄԱԿ-ի հատուկ համակարգող Ժանին Հենիս-Պլասհարտը միջնորդական առաքելություն են իրականացնում Իսրայելի և Լիբանանի միջև՝ կազմակերպելու վարչապետ Բենիամին Նեթանյահուի և նախագահ Ջոզեֆ Աունի հեռախոսազրույցը։

Ըստ հաղորդվող տեղեկությունների՝ սա նմանօրինակ կապ հաստատելու առաջին փորձը չէ, սակայն Լիբանանի նախագահը ամիսներ շարունակ մերժել է նման առաջարկները։

Աղբյուրների փոխանցմամբ՝ քննարկվում է եռակողմ ձևաչափով հեռախոսազրույցի տարբերակը, որին կմասնակցի նաև ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Նմանատիպ ձևաչափը նպատակ ունի ամրապնդել վաշինգտոնյան բանակցությունների հաջողությունը և կենտրոնանալ հրադադարի վերջնական հաստատման ու համաձայնագրի իրագործմանն ուղղված քայլերի վրա։

Սակայն իրավիճակը մնում է հակասական. ՄԱԿ-ի հատուկ համակարգող Ժանին Հենիս-Պլասհարտի գրասենյակը պաշտոնապես հերքել է տեղեկատվությունն այն մասին, թե իրենք միջնորդում են Նեթանյահուի և Աունի միջև հեռախոսազրույցի կազմակերպման հարցում։ 

Այս հերքումն էլ ավելի է ընդգծում գործընթացի զգայունությունը, քանի որ Լիբանանի ներսում Իսրայելի հետ ցանկացած ուղիղ շփում արժանանում է քաղաքական լուրջ դիմադրության։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment