Փաշինյան. Արդարադատության ոլորտում խնդիրներն առանց նոր սահմանադրության չենք կարողանա լուծել

Փաշինյան. Արդարադատության ոլորտում խնդիրներն առանց նոր սահմանադրության չենք կարողանա լուծել

16 ապրիլի 2026 – 13:46 AMT

PanARMENIAN.Net – Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում, խոսելով 2025 թվականի արդյունքների մասին, հայտարարել է, որ 2 ոլորտ կա, որ հաջողություններ չունեն, և որի վրա պետք է կենտրոնանալ՝ ջրային և արդարադատության ոլորտի:

Ըստ նրա՝ դատական ոլորտում խնդիրներն առանց նոր սահմանադրության հնարավոր չի լինի լուծել, հայտնում է «Փաստինֆոն»:

«Երկու տեղերում էլ մենք մեծ պրոբլեմ ունենք և այդ պրոբլեմները կուտակված են, այդ պրոբլեմները չեն լուծվում։ Անկեղծ ասած՝ կարծում եմ, որ դատական համակարգի պրոբլեմների մի զգալի մասը հնարավոր չի լինելու իրականացնել առանց նոր սահմանադրության ընդունման, որովհետև այդ իներցիայով տեղապտույտի վիճակը անընդհատ շարունակվելու է և սահմանադրական կարգավորումներ են պետք որպեսզի այդ այսպես ասած՝ արհեստական պատյանները մենք կարողանանք մի կողմ դնել և առերեսվել դատական համակարգում առկա իրավիճակին»,-ասել է նա:

Տարվա կարևորագույն ձեռքբերումների շարքում Փաշինյանը նշել է խաղաղությունը, առողջության ապահովագրության համակարգի ներդրումը և դրա ազդեցությամբ սոցիալական ոլորտում արձանագրված արդյունքները։

«Խոսքը երրորդ և մինչև յուրաքանչյուր հաջորդ երեխայի աջակցության ծրագիրն է, մինչև երկու տարեկան երեխաների խնամքի ծրագիրը, որը բոլոր մայրերին տրվում է մինչև երեխաների երկու տարեկանը լրանալը։

Եվ պետական համակարգում իրականացված փոփոխությունները, մասնավորապես ատեստավորումը, բանակում տեղի ունեցած բարեփոխումները, համարում եմ ռազմավարական նշանակության հաջողություն։

Ճիշտ ասած, շատ մեծ հաջողություն եմ համարում կատարողականի գնահատման հիման վրա վարձատրության նոր պիլոտային համակարգի ներդրումը, որը մենք հույս ունենք, որ հաջորդ աշնանը կամ գարնանն արդեն օրենսդրական կարգավորումներով կարձանագրենք։ Ընդ որում՝ ես ուզում եմ իմ համոզմունքը հայտնել, որ այս բոլոր հաջողություններն իրենք շրջանաձև են և մեկը մյուսին ոչ թե պայմանավորվում են, այլ մեկը մյուսի համար խթան են դարձել»,-նշել է նա:

Վարչապետը նշել է, որ կրթության ոլորտում իրականացված փոփոխությունները դարձել են անշրջելի, նույնը վերաբերում է նաև բանակին, շինարարությանը և պետական բյուջեի եկամուտների հավաքագրմանը։

«Բայց որ լավ շրջող լինի, միշտ էլ կարելի է շրջել, այսինքն այդպես ըստ էության, ցանկացած կառուցած բան 5 րոպեում կարելի է քարուքանդ անել»,-ասել է նա:

Ավելի վաղ հայտարարվել է, որ նոր Սահմանադրության տեքստը պատրաստ է, սակայն, այն դեռ չի հրապարակվել: Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը նշել է, որ նախաբանը դեռ պատրաստ չէ:

Leave a Comment