ԱՄՆ Սենատը մերժել է Իրանի դեմ պատերազմը դադարեցնելու բանաձևը

ԱՄՆ Սենատը մերժել է Իրանի դեմ պատերազմը դադարեցնելու բանաձևը

16 ապրիլի 2026 – 12:55 AMT

PanARMENIAN.NetԱՄՆ Սենատը մերժել է Իրանի դեմ պատերազմը դադարեցնելու բանաձևը՝ մեկ տարվա մեջ արդեն 4-րդ անգամ չսահմանափակելով առանց Կոնգրեսի հավանության պատերազմ մղելու ԱՄՆ նախագահի իրավունքը:

Սենատը հավանություն չի տվել բանաձևին, որը փաստացի պարտավորեցնելու էր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին դադարեցնել Իրանի դեմ ռազմական գործողությունները և դուրս բերել ամերիկյան զորքերը հակամարտության գոտուց մինչև Կոնգրեսի կողմից ուժի կիրառման պաշտոնական հաստատումը, հայտնում է Deustche Welle-ն:

Փաստաթղթին, որը նախաձեռնել են Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները, աջակցել է 47 սենատոր, մինչդեռ 52-ը դեմ է քվեարկել։ Միևնույն ժամանակ Սենատի վերահսկողությունը ներկայում պատկանում է Հանրապետական կուսակցությանը, ինչը մեծապես ազդել է քվեարկության արդյունքի վրա։

Բանաձևի հեղինակ դեմոկրատները պնդել են, որ Իրանի դեմ ռազմական արշավը անօրինական է և բավարար հիմքեր չունի։ Նրանք հայտարարել են, որ մտադիր են շարունակել նման նախաձեռնությունների ներկայացումը Սենատ՝ ձգտելով կրկնակի քվեարկությունների, մինչև հակամարտությունը ավարտվի։

1973 թվականի ռազմական լիազորությունների մասին օրենքը պահանջում է, որ ռազմական գործողությունների սկսվելուց հետո 60 օրվա ընթացքում Կոնգրեսը կամ պատերազմ հայտարարի, կամ հաստատի ուժի կիրառումը։ Այդ ժամկետը լրանում է ապրիլի վերջին, սակայն օրենքը թույլ է տալիս այն երկարաձգել ևս 30 օրով։

Օրենսդիրների խոսքով՝ Կոնգրեսում սպասում են, որ Դոնալդ Թրամփի վարչակազմը մոտ ապագայում կներկայացնի հակամարտության կարգավորման և հնարավոր կարգավորման քայլերի ավելի մանրամասն ծրագիր։ Միաժամանակ, ինչպես ընդգծել են ամերիկյան լրատվամիջոցները, զինված ուժերի կիրառման վերաբերյալ որոշումների ընդունման մեջ Կոնգրեսի դերի շուրջ քննարկումները շարունակում են մնալ ներքաղաքական օրակարգի կարևոր թեմաներից մեկը։

Leave a Comment