«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը ահազանգով է դիմել՝ հայտնելով իրենց համակիրներին բերման ենթարկելու և խուզարկությունների մասին:
«Առավոտվանից արշավ է «Ուժեղ Հայաստանի» նկատմամբ։ Խուզարկություններ են, մեր համակիրների են բերման ենթարկել և մեր ցուցակի կին ներկայացուցիչ», – նշել է նա։
Ըստ Մելոյանի՝ մտահոգիչ է, որ թիրախավորվում են կանայք:
Նա միաժամանակ նկատել է՝ յուրաքանչյուր մեկ անձի, երբ փորձում են մեկուսացնել «հայրենիքի համար պայքարից, փոխարենը 10 հոգի համալրում է մեր շարքերը»։
«Մենք հիմա ուղևորվում ենք Հակակոռուպցիոն կոմիտե, ուղղակի ահազանգում եմ, որովհետև իրավապահ մարմինները խոչընդոտում են փաստաբանների աշխատանքը։ Ավելի եք մոտիվացնում մարդկանց նորմալ իրավական երկրում ապրելու համար պայքարել: Ինչ արած, մինչև հունիսի 7-ը ճանապարհ ունենք անցնելու»,- նշել է նա։
Փաստաբան Յուրա Դիլանյանը լրագրողներին հայտնել է, որ առավոտյան «Ուժեղ Հայաստան»-ի Արտաշատի բոլոր գրասենյակներում իրականացվել են խուզարկություներ, և 11 անձ տարվել է անհայտ ուղղություններով:
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների ենթադրյալ ընտրակաշառքներ բաժանելու կամ խոստանալու մասին իրավապահները սկսել էին հաղորդում տարածել մարտի 30-ից: Ուժի ներկայացուցիչ, փաստաբան Վահան Հովհաննիսյանը, Armenia Today-ին մեկնաբանելով տեղի ունեցածը, այն որակել էր իրավական գործընթացների խեղաթյուրում և հայտնել, որ մարտի 30-ից սկսած, ամբողջ Հայաստանով տարբեր գրասենյակներից անձինք են հրավիրվում ոստիկանության բաժիններ՝ առանց համապատասխան իրավական հիմքերի։
Ապրիլի 14-ին Հակակոռուպցիոն կոմիտեն կուսակցության անդամներին՝ Գոհար Ղումաշյանին և Վերժինե Ստեփանյանին, ով նաև կուսակցության Վայքի գրասենյակի համակարգողն է, բերման էր ենթարկել։ Ղումաշյանը մեղադրվում է ենթադրյալ ընտրակաշառքի, իսկ Ստեփանյանը՝ ընտրողներին ակցիայի մասնակցելու հարկադրանքի հոդվածներով։ Ավելի ուշ դատարանը նրանց նկատմամբ վարչական հսկողություն էր կիրառել։
Կուսակցության քաղաքական խորհրդի ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանը ամերիկացի գործարար և բլոգեր Մարիո Նավֆալի հետ մարտին կայացած հարցազրույցում նշել էր, որ տեղեկություններ կան, որ իշխանությունները նախապատրաստում են քաղաքական ուժի ներկայացուցիչների ձերբակալություններ՝ նպատակ ունենալով թույլ չտալ նրանց մասնակցությունը նախընտրական գործընթացներին:
