«Հեզբոլլահի» կոշտ արձագանքը Լիբանանի ղեկավարությանը

«Հեզբոլլահի» կոշտ արձագանքը Լիբանանի ղեկավարությանը

Լիբանանյան «Ալ-Ախբար» թերթը, որը համարվում է «Հեզբոլլահ» շարժման ոչ պաշտոնական խոսափողը, խիստ քննադատության է ենթարկել երկրի բարձրագույն ղեկավարությանը։ 

Թերթի խմբագիր Իբրահիմ Ալ-Ամինը հանդես է եկել հոդվածով, որտեղ նախագահ Ջոզեֆ Աունին և վարչապետ Նավաֆ Սալամին մեղադրել է «անխոհեմ գործողությունների» և ԱՄՆ-ի թելադրանքով գործելու մեջ։

Ալ-Ամինի պնդմամբ՝ Վաշինգտոնն ուժեղ ճնշում է գործադրում Բեյրութի վրա՝ Իսրայելի հետ հրադադարի հասնելու նպատակով, ինչը, ըստ հոդվածագրի, կարող է հանգեցնել ներքին անկայունության և անգամ «մեծ պայթյունի ու արյունահեղության»։

«Մենք պատասխանատու ենք արյան յուրաքանչյուր կաթիլի համար»,- նշված է հրապարակման մեջ՝ ընդգծելով շարժման վճռականությունը՝ չզիջելու դիվանագիտական ճնշումներին

Միևնույն ժամանակ, դիվանագիտական աղբյուրները հաստատում են, որ Վաշինգտոնն ակտիվորեն աշխատում է Լիբանանում իրավիճակը հանդարտեցնելու ուղղությամբ։ Գործընթացին ներգրավված է նաև Սաուդյան Արաբիան, որը փորձում է Բեյրութին ներառել հակամարտության կարգավորման տարածաշրջանային գործընթացներում։

Այս ամենը տեղի է ունենում Իսրայելի և Լիբանանի միջև ընթացող բարդ բանակցությունների ֆոնին, որտեղ լիբանանյան կողմի յուրաքանչյուր զիջում արժանանում է «Հեզբոլլահի» և նրա կողմնակիցների կոշտ դիմադրությանը։

Leave a Comment