Փոքր Վեդի բնակավայրը կանվանափոխվի․ նախագիծը քննարկման փուլում է

Iravaban.net-ը ուսումնասիրել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից հանրային քննարկման դրված նախագիծը։

ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Փոքր Վեդի բնակավայրի բնակչության մեծ մասը հանդես է եկել Փոքր Վեդի բնակավայրը Խոր Վիրապ բնակավայրի անվանափոխելու նախաձեռնությամբ: Բնակավայրի անվանափոխության նախաձեռնման համար հիմք է հանդիսացել այն, որ Վեդի համայնքում ընդգրկված են Վեդի քաղաքային և Փոքր Վեդի գյուղական բնակավայրեր: Անվանման կրկնման պատճառով հաճախ քաղաքացիների, ինչպես նաև զբոսաշրջիկների շրջանում առաջանում է շփոթմունք:

Բնակավայրի անվանափոխության նախաձեռնության համար հիմք է հանդիսացել նաև այն հանգամանքը, որ Փոքր Վեգի բնակավայրը հասարակության լայն շրջանակներում հայտնի է որպես «Խոր Վիրապ բնակավայր» անվանմամբ, ինչպես նաև այն, որ դեպի Խոր Վիրապ վանական համալիր տանող ճանապարհը հենց Փոքր Վեդի բնակավայրի կենտրոնական Հ-11 հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհով է անցնում։

Վերոնշյալ գործընթացի համար բնակիչների հետ անցկացվել են հանդիպում-քննարկամներ, հանրային լսում և խորհրդակցություններ, որի արդյունքում, հիմք ընդունելով «Աշխարհագրական անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի դրույթները (կրկնվող անունները վերացնել) բնակիչների կողմից բարձրացված և հավանության արժանացած այս հարցը ներառվել է Վեդի համայնքի ավագանու 2025 թվականի նոյեմբերի 19-ի նիստի օրակարգում։ Վեդի համայնքի ավագանու 2025 թվականի նոյեմբերի 19-ի «Բնակավայրն անվանափոխելու վերաբերյալ պետական լիազոր մարմին առաջարկություն ներկայացնելու մասին» №106-Ա որոշմամբ տրվել է հավանություն բնակավայրի անվանափոխման աշխատանքների հետագա ընթացքը կազմակերպելու համար։

 

Առաջարկվող կարգավորման բնույթը

Ներկայացվող «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքի 2-րդ հավելվածի 2.2-րդ աղյուսակի 4-րդ կետում «Փոքր Վեդի» բառերը փոխարինել «Խոր Վիրապ» բառերով

«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխությունր կատարելու մասին» օրենքի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների պահանջ չի առաջանում, իսկ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն սպասվում:

Leave a Comment