Ոստիկանությունը Հայոց պետականության կարևոր հենասյունն է. Անդրանիկ Քոչարյան

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության ոստիկանության օրվա առթիվ.

«Հայաստանի Հանրապետության ոստիկանության հարգելի՛ վետերաններ և ծառայողներ,

Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության օրվա առթիվ:

2001թ. «Ոստիկանության մասին» օրենքի ընդունմամբ ապրիլի 16-ն ամրագրվեց որպես ոստիկանի անձնվեր ծառայության, գործած սխրանքների, ձեռքբերումների արժեվորման, ինչպես նաև՝ հետագա անելիքներն ի մի բերելու օր:

Ոստիկանությունը Հայոց պետականության կարևոր հենասյունն է, ապահովում է ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված քաղաքացիների իրավունքների և ազատությունների պատշաճ պաշտպանությունը:

Հասարակական կարգի պահպանման երաշխավոր ոստիկանը հանցավորության դեմ պայքարի առաջամարտիկն է: Մարտահրավերներով լի մեր ժամանակաշրջանում նա յուրաքանչյուր օր առերեսվում է նոր իրողությունների, համբերատար հաղթահարում դժվարություններ, որոնք հիմնականում լայն հանրությանը տեսանելի չեն:

Այսօր ոստիկանության համակարգում շարունակվող բարեփոխումները միտված են գործունեության արդյունավետության բարձրացմանն ու հայ ոստիկանի նոր կերպարի կերտմանը:

ՀՀ ոստիկանության հարգելի՛ վետերաններ և ծառայողներ,

Վերստին շնորհավորելով ձեզ մասնագիտական տոնի առթիվ՝ մաղթում եմ բարի ծառայություն, առողջություն և տոկունություն՝ Ձեր կարևոր առաքելությունն անխափան իրականացնելու գործում»։

Leave a Comment