16 ապրիլի 2026 – 10:52 AMT
PanARMENIAN.Net – Կառավարությունը միջազգային աճուրդից ձեռք է բերել աշխարհահռչակ ամերիկահայ նկարիչ Արշիլ Գորկու «Անվերնագիր» (1944 թ.) գրաֆիկական ստեղծագործությունը, որը կարևոր նշանակություն է ունի ազգային հավաքածուի հարստացման տեսանկյունից։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ազգային պատկերասրահում մասնակցել է «Արշիլ Գորկի. Նյու Յորք – Երևան. նոր ձեռքբերում» խորագրով ցուցահանդեսի բացմանը։
«Մեր ժողովուրդը պատմության տարբեր էջեր է ունեցել՝ երբեմն հայկական իրականության կենտրոնը եղել է Մադրասը, երբեմն՝ Ստամբուլը, երբեմն՝ Թբիլիսին, ինչ-որ մի ժամանակ հայկական իրականության կենտրոնը եղել է Վենետիկը եւ այլն: Մենք ասում ենք, որ հայկական իրականության եւ կյանքի կենտրոնը բոլոր առումներով՝ մշակութային, գաղափարաբանական, գաղափարախոսական Հայաստանի Հանրապետությունն է», – իր ելույթում ասել է Նիկոլ Փաշինյանը:
«Անվերնագիրը» ներկայացված է եղել Լոնդոնի Sotheby’s աճուրդային տանը: 1944 թվականի գրաֆիկական աշխատանքի (թուղթ, մատիտ, 45.4 × 55.5 սմ) աճուրդի մեկնարկային գինը կազմել է 45,000 եվրո, իսկ ակնկալվող առավելագույն գինը՝ 70,000 եվրո։2025-ի դեկտեմբերի 3-ին կայացած աճուրդի ընթացքում աշխատանքը ՀՀ կառավարությունը ձեռք է բերել 30 978 000 դրամով։
Միջոցառմանը մասնակցել են Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը, ինչպես նաև գործադիր մարմնի ներկայացուցիչներ, արվեստի ոլորտի ներկայացուցիչներ և հյուրեր։