Տաշքենդի և Երևանի միջև կանոնավոր ուղիղ ավիաչվերթները տասնամյակների դադարից հետո կարող են վերականգնվել 2026 թվականի մայիսից։ Այս մասին հայտնել են Uzbekistan Airports ընկերությունից։
Նախնական տվյալներով՝ չվերթները նախատեսվում է իրականացնել շաբաթական մեկ անգամ՝ Boeing 737 տիպի ինքնաթիռներով։
Նոր ավիաուղու բացումը, ըստ սպասումների, կնպաստի Հայաստանի և Ուզբեկստանի միջև զբոսաշրջային հոսքերի աճին, ինչպես նաև գործարար կապերի ընդլայնմանը։ Մինչ այժմ այս ուղղությամբ ուղևորները ստիպված էին օգտվել տարանցիկ չվերթներից՝ հիմնականում Մոսկվայի, Ստամբուլի և Թբիլիսիի միջոցով։
Չվերթների սպասարկումը նախատեսվում է իրականացնել հայկական «Շիրակ Ավիա» ավիաընկերության կողմից, որը բազավորված է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։