Ռուսաստանն ու Ադրբեջանը հայտարարել են, որ համաձայնության են հասել 2024 թվականին AZAL ավիաընկերության Embraer 190 ինքնաթիռի վթարի հետևանքների կարգավորման շուրջ։
Այս մասին նշվում է երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակվել է Ադրբեջանի ԱԳ նախարարության մամուլի ծառայության կողմից։
Ըստ հայտարարության՝ կողմերը, հիմնվելով Դուշանբեում 2025 թվականի հոկտեմբերի 9-ին տեղի ունեցած նախագահների հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների վրա, ընդունել են համապատասխան որոշումներ, այդ թվում՝ փոխհատուցման հարցի վերաբերյալ։
Նշվում է նաև, որ միջադեպը տեղի է ունեցել Ռուսաստանի օդային տարածքում՝ ՀՕՊ համակարգի «ոչ միտումնավոր ակտիվացման» հետևանքով։
Կողմերը ընդգծել են, որ ադրբեջանա-ռուսական հարաբերությունների շարունակական զարգացումը կնպաստի համագործակցության ամրապնդմանը և բարիդրացիական կապերի ընդլայնմանը՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների։ Դիվանագիտական գերատեսչությունները նաև իրենց ցավակցությունն են հայտնել զոհերի հարազատներին։