Փաշինյան․ Հայաստան–Ռուսաստան հարաբերությունները բարձր մակարդակի վրա են

ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանը նշել է, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչների կողմից հնչել են հայտարարություններ, թե իշխող ուժի վերընտրման դեպքում հնարավոր է տնտեսական լարվածություն, այդ թվում՝ Ռուսաստանի հետ։

Ի պատասխան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ նման գնահատականները սադրիչ բնույթ ունեն՝ հավելելով, որ իր նախկին կանխատեսումը շարունակում է ուժի մեջ մնալ․ նշված անձը, ըստ նրա, կարող է մինչև տարվա վերջ ֆինանսական լուրջ խնդիրների առաջ կանգնել՝ ստանձնած պարտավորությունները չկատարելու հետևանքով։

Վարչապետը նաև ընդգծել է, որ փորձեր են արվում հրահրել Հայաստան–Ռուսաստան հարաբերություններում լարվածություն՝ տարբեր շահերով։ Նրա խոսքով՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները ներկայում գտնվում են բարձր մակարդակի վրա, ինչի մասին վկայում են բարձր մակարդակով ակտիվ շփումները և հանդիպումները։

Փաշինյանը նշել է, որ Հայաստանը, լինելով ԵԱՏՄ անդամ, մասնակցում է կազմակերպության կարևոր որոշումների կայացմանը, և այն անձինք, որոնք փորձում են սրել իրավիճակը, ըստ նրա, նպատակ ունեն վնասել կազմակերպությանը։

Նրա գնահատմամբ՝ նման սադրանքները չեն կարող ազդել Հայաստանի արտաքին քաղաքականության վրա, քանի որ երկիրը շարունակում է առաջնորդվել սեփական շահերով և վարել բալանսավորված քաղաքականություն՝ պահպանելով հարաբերությունները Ռուսաստանի հետ։

Վարչապետը նաև ընդգծել է, որ իշխանությունները թույլ չեն տա, որպեսզի Հայաստանը ներքաշվի որևէ արհեստական հակադրության մեջ՝ կոչ անելով հանրությանը չտրվել նման հայտարարություններին։

Leave a Comment