ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը անդրադարձել է մոպեդների, ինքնագլորների և հեծանիվների երթևեկությանը՝ նշելով, որ այդ ոլորտում արդեն իսկ կան կարգավորումներ։
Նրա խոսքով՝ քաղաքացիների մտահոգությունը՝ կապված մայթերով երթևեկող մոպեդների ու սկուտերների հետ, մասամբ պայմանավորված է գործող օրենսդրությամբ․ եթե երթևեկության աջ գոտում անվտանգ շարժվելու հնարավորություն չկա, ապա որոշ դեպքերում թույլատրվում է օգտվել մայթից։
Նախարարը նշել է, որ առաջիկայում նախատեսվում է ներդնել նոր լուծումներ, որոնք կբարելավեն իրավիճակը։ Նա ընդգծել է, որ մայթով երթևեկությունը պետք է դիտվի որպես վերջին միջոց, ոչ թե հիմնական տարբերակ։
«Այն դեպքերում, երբ վարորդը կարող է օգտվել երթևեկության գոտուց, սակայն ընտրում է մայթը, հիմնականում կիրառվում է նախազգուշացում»,– ասել է Սարգսյանը։
Անդրադառնալով կենդանիների պաշտպանության ոլորտում ոստիկանության արձագանքին՝ նախարարը նշել է, որ գերատեսչությունը գործում է ակտիվ և համապատասխան։ Նրա խոսքով՝ վերջերս տարածված միջադեպի շրջանակում արդեն կան ձերբակալվածներ։
«Եթե առկա են հանցագործության տարրեր, արձագանքը կարող է հասնել մինչև ձերբակալություն։ Առանձին դեպքերը պատրաստ ենք քննարկել»,– հավելել է նա։