ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները հաջորդ շաբաթ կրկին կհանդիպեն Պակիստանում

ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները հաջորդ շաբաթվա վերջին Իսլամաբադում կանցկացնեն բանակցությունների երկրորդ փուլը, հայտնում են պակիստանյան պետական լրատվամիջոցները՝ վկայակոչելով իրենց աղբյուրները։

Պակիստանն ուժեղացնում է իր միջնորդական ջանքերը՝ երկշաբաթյա հրադադարը տևական խաղաղության վերածելու նպատակով։ Ինչպես նշում են աղբյուրները, երկրի անվտանգության մարմիններն ու համապատասխան գերատեսչություններն արդեն հրահանգ են ստացել նախապատրաստել անհրաժեշտ անվտանգային և վարչական միջոցառումները։

Ըստ հաղորդվող տեղեկությունների՝ ամերիկյան պատվիրակության կազմում ընդգրկված են ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը և նախագահ Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշները։ Իրանական կողմը բանակցություններում կներկայացնեն խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը և արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։

Սա կողմերի երկրորդ հանդիպումն է լինելու Մերձավոր Արևելքում պատերազմը դադարեցնելու շուրջ համաձայնության գալու համար։

Ապրիլի 8-ին Իրանն ու ԱՄՆ-ն հայտարարել էին երկշաբաթյա հրադադարի մասին։ Ապրիլի 11-ին Պակիստանում տեղի ունեցած բանակցություններն ավարտվել էին առանց համաձայնության ձեռքբերման։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտնել էր, որ Վաշինգտոնը բանակցություններում հասել է «զգալի առաջընթացի», և այժմ «գնդակն Իրանի դաշտում է»։

Leave a Comment