ՔՊ-ն ԿԸՀ ներկայացրեց առաջադրման փաստաթղթերը

azatutyun.am Կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը քիչ առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել առաջադրման փաստաթղթերը: Նախընտրական ցուցակը գլխավորում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երկրորդ տեղում Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն է, եռյակն ամփոփում է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:


 


«Վստահ եմ, որ կլուծենք մեր առջև դրված Սահմանադրական մեծամասնություն ստանալու խնդիրը: Մեր վերջին շփումները հանրության հետ, միտումները, գործընթացները ցույց են տալիս, որ մենք ունենք նման հնարավորություն», – հայտարարել է կուսակցության փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով բերած վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:


 


Կենտրոնական ընտրական հանձնաժողովից հայտնում են, որ աշխատանքային օրվա ավարտին առաջինը ու միակ ուժը, որ առաջադրման փաստաթղթեր է ներկայացրել, «Քաղաքացիական պայմանագիր»-ն է:


Միաժամանակ հանձնաժողովից տեղեկացնում են, որ ևս 20 քաղաքական ուժ ԿԸՀ-ում արդեն առաջադրման օգտահաշիվ է բացել, ինչը պարտադիր նախապայման է, սակայն դեռ չի ենթադրում, որ փաստաթղթեր կներկայացնեն:


 


Առաջադրումները մեկնարկել են երկուշաբթի՝ ապրիլի 13-ին, փաստաթղթերը հանձնելու վերջին օրը ապրիլի 23-ն է:


Leave a Comment