Հայաստան-Մերձավոր Արևելք հարաբերությունների մասին խոսելիս մենք հաճախ հիշում ենք պայմանագրերը, պաշտոնական հանդիպումներն ու միջպետական համաձայնագրերը։ Բայց երբեմն իրական կապերի ստեղծման հիմքում ոչ թե թղթերն են, այլ մարդիկ։
Մերձավոր Արևելքում դիվանագիտական գործունեություն ծավալած Արեգ Հովհաննիսյանն իր մաշկի վրա է զգացել այն բարեկամության ուժը, որ ոչ թե կնիքով, այլ մարդու ձեռքով է հաստատվում։ Նրա կենսագրությունը մի արևելքից մյուս արևելք ձգվող ճանապարհ է։ Այսօրվա հաղորդումը Մերձավորի մասին է։
***
-Ինձ դասավանդել է օրվա արտաքին գործերի նախարար Ջոն Կիրակոսյանը։ Գալիս էր, դասախոսություններ էր կարդում, ընդ որում՝ կարող էր իր ծառայողական մեքենայով գալ մինչև շենքի աստիճանների մոտ, բայց նա գալիս, շենքի վերջում իջնում էր, ոտքով քայլելով մտնում էր, և մենք շատ հպարտ էինք, որ արտաքին գործերի նախարարը գալիս է և մեզ համար դասախոսություն է կարդում։

Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի ուսանող Արեգ Հովհաննիսյանի դասախոսներն, ինչպես արդեն հասկացանք, լավագույններն են եղել։ Ուսումն ավարտելուց հետո սակայն նրա առաջին ընտրությունը բոլորովին էլ Արտաքին գործերի նախարարությունը չէր, այլ այն, ինչ դուք հիմա լսում եք՝ Հանրային ռադիոն։
-Ձգտեցի աշխատել մամուլում և ուզեցի աշխատանքի ընդունվել Հանրային ռադիո։ Այդ ժամանակ կար արտասահմանյան երկրների համար հեռարձակվող հաղորդումների բաժին։ 3 ամիս փորձաշրջանից հետո, երբ որ տարբեր հարցազրույցներ վերցրեցի, հաղորդումներ պատրաստեցի, ընդունվեցի աշխատանքի, մեկ շաբաթ հետո ինձ զորակոչեցին բանակ, ուստի այդչափ կարճ էր, որ նույնիսկ իմ ինքնակենսագրության մեջ ես չեմ արտացոլել այդ դրվագը։
Բանակում ծառայելուց հետո Արեգ Հովհաննիսյանը երեք տարով գործուղվեց Լիբիա, որպես զինվորական թարգմանիչ։
-Լիբիան ամեն ինչով տարբերվում էր Մերձավոր Արևելքից, ուր որ 10 տարուց ավելի աշխատեցի։ Արաբական աշխարհն ընդհանրապես կիսվում է մաղրիբի և մարշիկի։ Մաղրիբը Լիբիան և Լիբիայից արևմուտք ընկած հատվածն է, մարշիկը՝ պայմանական Եգիպտոս և մնացածը՝ ասենք Սիրիան, Լիբանանը։ Իհարկե, Լիբիան տարբեր էր ամեն ինչով՝ իր սովորույթներով, բարբառով, բնակչությամբ։ Կային սևամորթ լիբիացիներ, կային թուխ լիբիացիներ, կային նա շեկ բերբերներ՝ սարերում բնակվող։
1988-ից 1991 թվականներին Լիբիայում գտնվող Արեգ Հովհաննիսյանը մի շարք պատմական ու շարքային իրադարձությունների ականատեսն ու վկան է եղել։ Բավական է միայն նշել, որ այդ տարիների Լիբիան ապրում էր Մուամմար ալ-Կադդաֆիի ժամանակները։
—Կադդաֆիի Լիբիայից հիշում եմ իր երկար ելույթները՝ հեռուստատեսությամբ, որ ձգվում էին ժամ, ժամուկես։ Հետո մեզ՝ թարգմանիչներիս, ասում էին, որ պետք է, մինչև առավոտ թարգմանեք։ Քանի որ մենք բոլորս վիդեոն ձայնագրում, տեսագրում էինք, կիսում էինք մեր մեջ, և ամբողջ գիշեր թարգմանում էինք։ Իհարկե, իր գաղափարները շատ հաճախ հակասական էին։ Իր «Կանաչ գիրքը» վերցրած էր տարբեր տեսություններից՝ մարքսիզմից, նիցշեիզմից՝ էստեղից, էնտեղից վերցրած խառը մտքեր էին։
Ես ինքս հաճախ մտածել եմ, որ՝ «ուր էլ գնաս, հայկական մի հետք անպայման կգտնես» մոտեցումը հիմնականում չափազանցված է։ Սխալ եմ մտածել։
-Լիբիայում կար մի փողոց, որը կոչվում էր Վարդանանց փողոց, և ես, երբ մտա ինչ-որ խանութ, հարցրեցի՝ կպատմե՞ք ինձ Վարդանանց փողոցի մասին, խանութի տերը ասաց, որ այստեղ հայեր են ապրել՝ հայ ոսկերիչներ, որոնք լիբիական Կադաֆֆիի հեղափոխությունից հետո լքել են, գնացել են երկրից։
Լիբայում գտնվելու ընթացքում Հայաստանի կյանքում ժամանակը մի պահ ցնցվում, իսկ հետո կանգ է առնում։ 1988 թվական, երկրաշարժ էր։
-Այդ ժամանակ մենք հայերով ցանկացանք ինչ-որ օգնություն հավաքել և ուղարկել Հայաստան։ Հավաքեցինք, տարանք դեսպանատուն, թե՛ դեսպանն էր հայ և թե՛ անվտանգության հարցերի պատասխանատուն։ Տարել էինք դեսպանատուն՝ վրան թուղթ փակցված՝ Լիբիայում աշխատող հայ հայրենակիցների կողմից։ Եվ սովետական դեսպանատանը ասել են՝ չէ, մենք չենք կարող էսպես ընդունել, պետք է վրան գրվի Սովետական Միության դեսպանատնից։
***
Սովետական միության փլուզումից հետո Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը կադրերի էին պետք։
-Ձևավորվեց Արտաքին գործերի նախարարությունը։ Նախարար նշանակվեց Րաֆֆի Հովհաննիսյանը, հայտարարվեց մրցույթ։
-Դուք պարոն Հովհաննիսյանի կադրերի՞ց եք։

-Չէ, չէ։ Ես դիմեցի, բայց ինքը շատ դանդաղ էր ընտրում կադրերին, և ինձ պատմում էին, որ իր սեղանի վրա մեծ փաթեթ կա անձնական գործերի, և ժամանակ առ ժամանակ 1,2-ը դիտարկվում են։ Եվ քանի որ անպայման ուզում էի մի բանով զբաղված լինել, առաջարկ ստացա աշխատելու Համահայկական հիմնադրամում։
Բայց հիմնադրամում կարիերան անգամ չհասցրեց սկսվել, քանի որ Արեգ Հովհաննիսյանի տեղն արագ իմացան և վերադարձրին ԱԳՆ։
-Մեզ համար ամեն ինչ նորություն էր, մենք չգիտենք, որ դեսպանների ինքնակենսագրությունը կոչվում է CV, չգիտեինք՝ հայտագիրն ի՞նչ է, ինչպե՞ս են գրում, այդ ամենը նորություն էր, տարօրինակ էր թվում ամեն ինչ, ասենք՝ պաշտոնական հայտագրի պաշտոնական մասը, երբ որ հարգանք ես հավաստում, հետո նորից ես այդ հարգանքը հավաստում, ինչ-որ տեղ ծիծաղելի էր թվում։
***
Արեգ Հովհաննիսյանի դիվանագիտական կենսագրույթունը մեկնարկում է Մերձավոր Արևելքի երկներից՝ Սիրիայից մինչև Հորդանան, Վիեննայից մինչև Նոր Զելանդիա։ Բայց քանի որ այս հաղորդման թեման Մերձավոր Արևելքն է, ուրմեն եկեք սկսենք Սիրիայից, որն այն ժամանակ, կզարմանք, բայց առաջին հերթին իր անվտանգությամբ էր հպարտանում։
-Երբ որ շփվում էինք իրենց անվտանգության աշխատողների հետ, միշտ հպարտանում էին նրանով, որ, գիտե՞ք ինչ՝ մեզ մոտ այնքան ապահով է, որ, օրինակ, մի բրիտանացու դրմապանակ էր կորել, մենք կես ժամում գտանք ու վերադարձրինք, էսպես էին ասում, բայց միևնույն ժամանակ, ճնշող էր, որովհետև վերջին հաշվով ավտորիտար երկիր էր։

Անվտանգային ձեռքբերումներով այդ տարիներին աչքի չէր ընկնում Լիբանանը, որտեղ Արեգ Հովհաննիսյանն արդեն արտակարգ ու լիազոր դեպան էր։
-Լիբանանում, երբ որ ծառայում էի, եղավ վարչապետ Հարիրի սպանությունը։ Մեկ տարվա ընթացքում եղավ 16 ահաբեկչական գործողություն, որից շատերը, մեր դեսպանության և բնակավայրի անմիջական հարևանությամբ էին։ Մտնում էինք մեծ սուպերմարկետ, հայելիներով ստուգում էին, անպայման բացում էին դեսպանի մեքենայի թափքը, որպեսզի ստուգեն։ Լիբանանցիները շատ չեն փոխվել իրենց քաղաքացիական պատերազմից հետո՝ հենց այդ պայթյունը վերջանում էր, բոլորը նորից թափվում էին դուրս՝ ծովափներ ու ռեստորաններ։
Մերձավոր Արևելքն ամենատաք գույներով հավաքած խճանկար է հիշեցնում, որտեղ յուրաքանչյուր գույն ավելի թեժանալու ներուժ ունի։ Բայց դրա հետ մեկտեղ այն աչքի է ընկնում առանձնահատուկ ջերմությամբ ու մարդկային ոչ պաշտոնական շփմամբ, որը հայերիս լավ ծանոթ երևույթ է։ Եվ առհասարակ՝ այս կողմերում մեզ լավ գիտեն։

-Ես նոր եմ ժամանել Հալեպ և պատրաստվում եմ ժամադրություն խնդրել նահանգապետից և հանձնել իմ թղթերը՝ հավատարմագրման։ Զանգ եմ ստանում նահանգապետարանից՝ պարոն հյուպատոս, մի 20 րոպեից նահանգապետը կլինի ձեզ մոտ։ Ասում եմ՝ ո՞նց, ես ինքս պետք է գամ, ասում են՝ չէ, նա կգա։ Երեկոյան 6-ն է, հյուպատոսությունը փակվել է, աշխատողները՝ գնացել, ես մենակ եմ, որ արագ-արագ սուրճ եմ դնում թերմոսով սեղանի վրա, միրգ և այլն, արագ վազում եմ, դարպասը բացում՝ դարպաս բացող չունեի, և գալիս է նահանգապետը՝ ուղեկցությամբ ինչ-որ աշխատակցի։ Ասում եմ՝ պարոն նահանգապետ, ամոթ է, ես պիտք է գայի, ասաց՝ ի՞նչ ես ընկել ձևականությունների հետևից, մենք բարեկամ ժողովուրդներ, բարեկամ պետություններ ենք, իմացա, որ եկել ես, ուզեցի օր առաջ քեզ ողջունել, շնորհավորել։
Բայց այս պատմության մեջ մի կարևոր նրբություն ևս կա։
— Նրբությունը նրանում էր, որ իր տղան սովորում էր Երևանի բժշկական համալսարանում, և ինքը պաշտպանել էր իր ատենախոսությունը Հայաստանի Արևելագիտության ակադեմիայում և հետո դարձավ Սիրիայի վարչապետ։
Արեգ Հովհաննիսյանի կենսագրության՝ Մերձավոր Արևելիքի մասին պատմող հատվածը թերևս ամփոփենք մի շքանշանի պատմությամբ։
-Վարչապետ Հարիրի սպանությունից հետո խժդժություններ էր, մարդիկ դուրս էին եկել փողոց, վրաններ խփել, կենտրոնական հրապարակում հրաժարական էին պահանջում։ Էսպիսի մի վիճակ էր, մեկ էլ զանգ արարողակարգից, որ նախագահն ասում է՝ կարո՞ղ ես մի պահ գալ, ասում եմ՝ բայց ես չեմ վերջացրել իմ հանդիպումները, ես ուզում եմ արարողակարգը պահել։ Ասում են՝ չէ, վաղն արի։ Գնում եմ նախագահական պալատ, և նախագահն ընդունում է, ասում է՝ գիտե՞ս, ուզեցի շուտ անել էս բանը, չգիտեմ ինչ կլինի։ Ես ուզում եմ քեզ շքանշան տալ։ Իհարկե շատ զգացված էի, «Գրանդ օֆֆիսեր» շքանշանը օտար դիվանագետներին տրվող ամենաբարձր շքանշանն է։ Շատ հուզիչ է, որ ոչ թե, որ ես էդքան լավ դեսպան էի, այլ որ նա ուզեց անպայման շքանշանը տալ, սա նշանակում է իր հարգանքը և վերաբերմունքը Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ։ Հատկապես որ ինքը և իր կինը որոշակի հայկական արմատներ ունեն և մեծ պատիվ էր, որ նա այդքան նրբանկատ գտնվեց, մտածեց՝ վաղը իրավիճակ կփոխվի, կհասցնեմ, չեմ հասցնի, արի կլինի, օր առաջ տամ, որ պարտքս համարեմ կատարած։