15 ապրիլի 2026 – 17:40 AMT
PanARMENIAN.Net – ՀՀ կառավարությունը կաջակցի գյուղացիներին` ձեռքբերել պարարտանյութ, որը ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում թանկացել է։ Այդ մասին այսօր Ազգային ժողովում կառավարության հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
Նա նշել է, որ կառավարության առաջիկա նիստում կընդունեն աջակցության որոշումը, հայտնում է Sputnik Արմենիան:
«Աշխարհաքաղաքական բարդություններով պայմանավորված` ամբողջ աշխարհում, ոչ միայն տարածաշրջանում և Հայաստանում, պարարտանյութերի գները զգալի թանկացել են։ Դա նաև մեր շուկայում է արձանագրվել, ու մեր քաղաքացիներն այդ մասին գիտեն»,– ասել է նախարարը։
Պապոյանը նշել է, որ կառավարությունը նախատեսում է այս շաբաթ ընդունել համապատասխան որոշում՝ կիրառելով 2022-23 թվականներին օգտագործված աջակցության մեխանիզմը։
Նա պարզաբանել է, որ նախատեսվում է փոխհատուցել պարարտանյութի գնի այն մասը, որը գերազանցում է 8000 դրամը, սակայն ոչ ավելի, քան 3000 դրամ՝ յուրաքանչյուր 50 կգ-ի համար՝ հաշվի առնելով պետական բյուջեի սահմանափակումները։
Նախարարը հավելել է, որ աջակցությունը վերաբերում է բոլոր հիմնական տեսակներին՝ ֆոսֆորական, ազոտական, կալիումական, ինչպես նաև դրանց համակցված պարարտանյութերին։
Հորմուզի նեղուցի փակումը հանգեցրել է պարարտանյութերի համաշխարհային արտահանման մոտ 50%-ի դադարեցման, ինչը կարող է մեծ վնաս հասցնել ցանքսի շրջանում և պարենային ճգնաժամ առաջացնել Եվրոպայում ու Ասիայում։Մերձավոր Արևելքում հակամարտության սկսվելուց հետո ազոտական հավելումների գներն աճել են 30%-ով։