Ընտրական գործընթացի հետ կապը հերքող տվյալներ ունենք․ Վարդևանյանը՝ Ղումաշյանի գործի մասին

Փաստաբան Արամ Վարդևանյանը հայտնել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանին վերագրվող՝ ընտրական փուլում բարեգործություն իրականացնելու օրենսդրական արգելքը խախտելու ենթադրյալ մեղադրանքը հերքող տվյալների առկայության մասին։

Նա նշել է, որ նախաքննական գաղտնիքով սահմանափակված լինելով, չի կարող ամբողջական տվյալներ ներկայացնել, բայց տեղեկացրել է, որ դատարանի կողմից Ղումաշյանին վերագրվող երկու դրվագներից մեկի վերաբերյալ հիմնավոր կասկածն այս պահի դրությամբ չի հաստատվել։

«Չբացահայտելով մանրամասները՝ առնվազն արձանագրեմ, որ այդ դրվագը նույնիսկ չի հաղթահարել հիմնավոր կասկածի ապացուցման շեմը»,- ասել է Վարդևանյանը։

Նա հավելել է, որ դատարանում քննարկել են ոչ միայն հիմքերի առկայությունը, այլև հարցը, թե կա արդյոք որևէ կապ ՀՀ քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածի հետ (ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելը-խմբ․)։

«Այդ հոդվածը ենթադրում է ընտրական գործընթացի հետ որոշակի առնչություն, և կարող եմ ասել, որ այդ կապը հերքող տվյալներ ունենք»,- շեշտել է փաստաբանը։

Ղումաշյանին և կուսակցության Վայքի գրասենյակի համակարգող Վերժինե Ստեփանյանին ձերբակալել էին ապրիլի 14-ին, ավելի ուշ նրանց նկատմամբ վարչական հսկողություն էր կիրառվել։ 

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հրապարակել էր գաղտնալսումների հատվածներ, որտեղ ենթադրյալ մեղադրյալներն օգնություն են խոստանում և պնդում, որ մարտին, բարեգործության անվան տակ, քաղաքացիներին անհատույց դրամական միջոցներ են տրամադրվել ու արտոնյալ պայմաններով ծառայություններ խոստացել։

Leave a Comment