15 ապրիլի 2026 – 16:01 AMT
PanARMENIAN.Net – Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ծանուցում է ուղարկել «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանին, ինչպես նաև կուսակցության խորհրդի անդամներ Նարեկ Կարապետյանին, Գոհար Մելոյանին, Ալեքսան Ալեքսանյանին և Դավիթ Ղազինյանին՝ հիշեցնելով հայտարարագիր ներկայացնելու պարտավորության մասին։
Նշվել է, որ Կուսակցության նախագահի և խորհրդի անդամների պաշտոնները զբաղեցնելուց հետո մեկամսյա ժամկետում նրանք արդեն պետք է ներկայացրած լինեին հայտարարագրերը, սակայն օրենքի պահանջը չի կատարվել, հայտնում է Factor.am-ը:
Հանձնաժողովը ծանուցել է կուսակցության նախագահին և խորհրդի անդամներին՝ տեղեկացնելով, որ 30 օրվա ընթացքում հայտարարագիր չներկայացնելու փաստով նրանք հրավիրվել են ԿԿՀ՝ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու նպատակով։
Հայտարարագիրը կարող է ներկայացվել ինչպես անձամբ, այնպես էլ ներկայացուցչի միջոցով։
«Ծանուցումը ստանալուց հետո՝ 30 օրվա ընթացքում, հայտարարագիրը չներկայացնելն առաջացնում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով սահմանված վարչական տույժ (տուգանք)՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով (200 հազար դրամ), իսկ օրենքով սահմանված պատասխանատվության կիրառումից հետո՝ 30 օրվա ընթացքում, չներկայացնելը կարող է առաջացնել քրեական պատասխանատվություն»,-նշված է հանձնաժողովի ծանուցման մեջ։
ԿԿՀ-ի ծանուցումը «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար կազմին ուղարկվել է ապրիլի 13-ին։
Ավելի վաղ Սամվել Կարապետյանի պաշտպանն դիմել էր հանձնաժողով՝ տեղեկացնելով հայտարարագիր ներկայացնելու անհնարինության մասին՝ պայմանավորված տնային կալանքի և նամակագրության սահմանափակումներով, և այդ հարցը գտնվում է քննարկման փուլում։
Կարապետյանը մեղադրյալ է դարձել 2025-ի հունիսին, երբ հայտարարեց Հայ Առաքելական եկեղեցին «իր ձևով» պաշտպանելու մասին: Սամվել Կարապետյանը 7 ամիս շարունակ կալանավայրում էր, «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում, հիմա՝ տնային կալանքի տակ: Իշխանությունը զավթելու հրապարակային կոչից բացի, գործարարին մեղադրում են փողերի լվացման հոդվածով: