Պետությունն ու քաղաքացիական հասարակությունը այլևս աշխատում են նույն ուղղությամբ՝ համատեղ թիրախավորելով և լուծելով արդարադատության ոլորտի խնդիրները․ Սրբուհի Գալյան

ԵՄ–Հայաստան քաղաքացիական հասարակության հարթակի 8-րդ հանդիպման ընթացքում ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ընդգծեց պետության և քաղաքացիական հասարակության համագործակցության նոր որակական փուլը՝ նշելով, որ կողմերն այսօր աշխատում են ընդհանուր նպատակների ուղղությամբ։

Նախարարը կարևորեց այն հանգամանքը, որ քաղաքացիական հասարակության կողմից բարձրացվող խնդիրները հիմնականում տեսանելի են նաև պետական կառույցների համար, և դրանց լուծման ուղղությամբ արդեն իրականացվում են գործնական քայլեր։ Նրա խոսքով՝ ձևավորվել է արդյունավետ երկխոսություն, որի արդյունքում պետությունն ու քաղաքացիական հասարակությունը «այլևս կանգնած են կողք կողքի և նայում են նույն ուղղությամբ»։

Գալյանը ներկայացրեց նաև ԵՄ–Հայաստան համագործակցության շրջանակում մշակված նոր ճանապարհային քարտեզը՝ ընդգծելով, որ այն հնարավորություն կտա ավելի համակարգված, արագ և արդյունքահեն իրականացնելու բարեփոխումները։ Նա տեղեկացրեց, որ նախատեսվում է ստեղծել մոնիտորինգի թվային հարթակ, որը թույլ կտա հետևել բարեփոխումների ընթացքին, ներառյալ օրենսդրական մոտարկումների և նախագծերի վիճակին՝ բարձրացնելով թափանցիկությունն ու արդյունավետությունը։

Անդրադառնալով արդարադատության ոլորտի բարեփոխումներին՝ նախարարն առանձնացրեց երեք հիմնական ուղղություն՝ խտրականության դեմ պայքար, անձնական տվյալների պաշտպանության համակարգի զարգացում և դատաիրավական համակարգի բարելավում։ Նա նշեց, որ մշակվում է նոր անկախ մարմնի ստեղծման մոդել տվյալների պաշտպանության ոլորտում, որը նախատեսվում է գործարկել առաջիկա տարիներին։

Դատաիրավական բարեփոխումների համատեքստում Գալյանը կարևորեց գործերի քննության ժամկետների հստակեցումը, դատարանների ծանրաբեռնվածության նվազեցումը և գործերի մակագրման ու ընթացակարգերի արդյունավետության բարձրացումը։ Նրա խոսքով՝ մի շարք փոփոխությունների արդյունքում արդեն նկատվում է դատարանների ծանրաբեռնվածության զգալի նվազում։

Նախարարը նաև ներկայացրեց արդարադատության համակարգի թվայնացման ընթացքը՝ ընդգծելով, որ արդեն գործում են քաղաքացիական և վարչական դատավարությունների էլեկտրոնային համակարգերը, իսկ առաջիկայում նախատեսվում է սնանկության և քրեական գործերի թվայնացում։ Բացի այդ, ներդրվել է էլեկտրոնային ծանուցումների համակարգ, որը նպատակ ունի ապահովել քաղաքացիների պատշաճ և անխափան ծանուցումը։

Եզրափակելով՝ Սրբուհի Գալյանը վերահաստատեց պետություն–քաղաքացիական հասարակություն համագործակցության կարևորությունը՝ այն դիտարկելով որպես բարեփոխումների հաջող իրականացման հիմնական գրավական։

Leave a Comment