«Քիչ հետո ավելի մանրամասն կներկայացնենք։ Հարցաքննության ընթացքում իրավացիորեն մեր կողմից ներկայացվեցին ծննդյան վկայականներն, այդ թվում՝ 2026 թվականի փետրվարի 20-ին ծնված երեխայի, որի պայմաններում ես կրկին հատուկ ուզում եմ նշել, որ Հակակոռուպցիոն կոմիտեի գործընկերները տեղեկացված էին այդ հանգամանքի մասին»,- այս մասին Հակակոռուպցիոն կոմիտեի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը։
Ըստ նրա՝ ներկայացվածը բավականին հանրային հասանելիություն ունեցող տվյալ է և այս գործով ձերբակալման անհրաժեշտություն չի եղել։
«Եթե իսկապես հաստատվում է այն տարբերակը, որ տնային կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն է ներկայացվում, ակնհայտորեն կարող եմ նշել, որ դրա դեմ էլ ենք առարկելու։ Մյուս կողմից պետք է նշել նաև, որ ի սկզբանե մոտեցումը եղել է կալանքի միջնորդություն ներկայացնելը։ Նշվածի տեսանկյունից կարևոր է այն, որ տնային կալանքը ավելի մանրակրկիտ քննարկվում է։ Բոլոր դեպքերում պետք է նշել, որ նույնիսկ տնային կալանքն ինքնին, կալանքին համարժեք խափանման միջոց է։ Այդ իմաստով եկեք հասկանանք՝ լավ, ի՞նչ ռիսկ պետք է լինի բացառապես դրական բնութագրվող, բարձրագույն կրթությամբ Գոհար Ղումաշյանի նկատմամբ ինտենսիվ խափանման միջոցը»,- ասաց Վարդևաանյանը։