Նշվածի համատեքստում Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ մեղադրյալը չի կարող համարվել ազատության մեջ գտնվող, եթե նախորդ հիմքով իրականացված ձերբակալումից ազատ արձակվելուց հետո փաստացի ազատության մեջ է գտնվել չափազանց կարճատև ժամանակահատված, և հնարավորություն չի ունեցել իրացնել իր այն իրավունքները, որոնք սահմանափակվում են ազատությունից զրկվելու պայմաններում։
Մասնավորապես՝ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով իրականացված ձերբակալման առավելագույն ժամկետը՝ 72 ժամը լրանալուց հետո անձին ազատ արձակելու պահից ընդամենը 5 րոպե անց՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 111-րդ հոդվածով սահմանված հիմքով ձերբակալելու պայմաններում, անձի ազատության և անձնական անձեռնմխելիության հիմնարար իրավունքը մեկնաբանվել է խիստ ձևականորեն՝ հնարավորություն ընձեռելով վարույթն իրականացնող մարմնին շրջանցել օրենսդրական արգելքը և արհեստականորեն «լրացուցիչ ժամանակ շահել»։ Վճռաբեկ դատարանը գտել է, որ օրենսդրության պահանջների նման եղանակով շրջանցումն անթույլատրելի է, հակասում է վարույթն իրականացնող մարմնի բարեխղճության կանխավարկածին, ինչպես նաև չի բխում քրեական դատավարության տրամաբանությունից։