Պետք է վերսկսել Իսլամաբադում կասեցված բանակցությունները, պարզաբանել թյուրիմացությունները և խուսափել հետագա ցանկացած էuկալացիայից. Մակրոն



Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույցներ է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ՝ կոչ անելով վերսկսել Իսլամաբադում կասեցված բանակցային գործընթացը։ Այս մասին գրել է Մակրոնը X-ի իր էջում։



Ֆրանսիայի առաջնորդն ընդգծել է թյուրիմացությունների պարզաբանման և հետագա էսկալացիայից խուսափելու անհրաժեշտությունը։ Մակրոնի խոսքով՝ առանցքային է համարվում բոլոր կողմերի կողմից հրադադարի ռեժիմի խստիվ պահպանումը, որը պետք է տարածվի նաև Լիբանանի վրա։


«Նույնքան կարևոր է, որ Հորմուզի նեղուցը վերաբացվի անվերապահորեն, առանց սահմանափակումների կամ տուրքերի, հնարավորինս սեղմ ժամկետներում։ Այս պայմաններում բանակցությունները պետք է որ կարողանան արագորեն վերսկսվել՝ շահագրգիռ հիմնական կողմերի աջակցությամբ»,- գրել է Մակրոնը։


Բացի այդ, հայտնի է դարձել, որ Ֆրանսիան և Միացյալ Թագավորությունը սույն ուրբաթ Փարիզում կհյուրընկալեն տեսակոնֆերանս-համաժողով։ Դրան կմասնակցեն այն ոչ պատերազմող երկրները, որոնք պատրաստ են ներդրում ունենալ բազմակողմ պաշտպանական առաքելության մեջ՝ նպատակ ունենալով վերականգնել նավագնացության ազատությունը նեղուցում, հենց որ անվտանգության պայմանները դա թույլ տան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment