Իսրայելի հետախուզական ծառայության՝ «Մոսադի» տնօրեն Դավիթ Բարնեան հայտարարել է, որ Իրանի դեմ վերջին ռազմական գործողությունների ժամանակ գործակալությունը գործել է հենց «Թեհրանի սրտում»։ Հոլոքոստի զոհերի հիշատակի արարողության ժամանակ ունեցած իր ելույթում նա ընդգծել է, որ հետախուզության շնորհիվ Իսրայելի օդուժին հաջողվել է ճշգրիտ հարվածներ հասցնել այն հրթիռներին, որոնք անմիջական սպառնալիք էին ներկայացնում երկրի համար։
Սակայն, ըստ Բարնեայի, հետախուզության առաքելությունը դեռևս հեռու է ավարտված լինելուց։ Նա շեշտել է, որ Իսրայելը նախապես ծրագրել է շարունակել իր արշավը նաև ռազմական հարվածների ավարտից հետո՝ նպատակ ունենալով հասնել վերջնական արդյունքների։ Լրտեսական ծառայության ղեկավարի խոսքով՝ իրենց պատասխանատվությունն ու գործողությունները կդադարեն միայն այն ժամանակ, երբ Իրանում «արմատական վարչակարգը փոխարինվի»։
«Վարչակարգի փոփոխությունը մեր առաքելությունն է։ Մենք ձեռքներս ծալած չենք հետևի հերթական գոյաբանական սպառնալիքին»,- հայտարարել է Բարնեան՝ ակնարկելով, որ Իսրայելը շարունակելու է ակտիվ միջամտությունը մինչև իր առջև դրված քաղաքական վերջնանպատակի իրագործումը։
