Քննարկվել է Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի անդամի ընտրության հարցը

Ազգային ժողովի ապրիլի 14-ին կայացած հերթական նիստի ընթացքում քննարկվել է տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է Դավիթ Սլավիկի Խաչատրյանի թեկնածությունը: Iravaban.net-ը տեղեկանում է ՀՀ ազգային ժողովից։

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ներկայացրել է թեկնածուի կենսագրական տվյալները։

Դավիթ Խաչատրյանն իր ելույթում շնորհակալություն է հայտնել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանն իր թեկնածությունն առաջադրելու համար: Նա ներկայացրել է իր տեսլականը Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի գործունեության վերաբերյալ:

«Այս հանձնաժողովը տեխնիկական կառույց չէ, այն պետական կառավարման կարեւոր ինստիտուտ է, որը պետք է կարողանա ապահովել, որպեսզի պետական տեղեկատվական համակարգերը լինեն անվտանգ, օժտված բարձր պաշտպանողականությամբ, քաղաքացիների անձնական տվյալները լինեն պաշտպանված, պետական թվային ենթակառուցվածքները լինեն կայուն եւ վստահելի»,- նշել է նա:

Թեկնածուի խոսքով հանձնաժողովը պետք է դառնա այն ինստիտուցիոնալ հարթակը, որտեղ համադրվում են տեխնոլոգիական զարգացումը, պետական եւ կառավարման պատասխանատվությունը, հասարակության վստահության պահպանումը: «Կարեւոր է նաեւ ընդգծել, որ հանձնաժողովի գործունեությունը չի կրկնում Կառավարության կամ ոլորտային նախարարության գործառույթները: Գործադիրը մշակում է պետական քաղաքականությունը, իսկ հանձնաժողովն ապահովում է դրա իրականացումն անվտանգության, տեխնիկական ստանդարտների եւ համակարգված կարգավորման միջոցով: Այս բաժանումը շատ կարեւոր եւ անհրաժեշտ է արդյունավետ կառավարման համար: Այն ապահովում է ինչպես քաղաքական պատասխանատվությունը, այնպես էլ մասնագիտական անկախ կարգավորումը»,- ընդգծել է Դավիթ Խաչատրյանը:

Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի անդամի թեկնածուն պատասխանել է նաեւ պատգամավորների հարցերին, տվել պարզաբանումներ:

Leave a Comment