14 ապրիլի 2026 – 13:18 AMT
PanARMENIAN.Net – Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը ապրիլին կմեկնի Թուրքիա` մասնակցելու Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովին: Նա նշել է, որ վեհաժողովի շրջանակում հանդիպումներ են նախատեսված Ադրբեջանի և Վրաստանի գործընկերների հետ։
«Նախատեսված են հանդիպումներ Ադրբեջանի և Վրաստանի գործընկերների հետ: Մատվիենկոն նույնպես այնտեղ լինելու է։ Ենթադրում եմ, որ այնտեղ կշփվենք»,-ասել է նա:
Սիմոնյանը նշել է, որ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ ապրիլի 7-ին ունեցած հեռախոսազրույցի ընթացքում քաղաքական հարցեր չեն քննարկվել, հայտնում է Sputnik Արմենիան:
«Իմ գործընկերոջ ծննդյան կապակցությամբ է զանգը եղել, և պետք է ասեմ, որ ամենալավ և հարգալից հարաբերություններն ունեմ Դաշնության խորհրդի ղեկավարի հետ։ Մենք խոսում ենք բաց, ուղիղ, երկուստեք հարգանքի տրամաբանության մեջ։ Այս անգամ հիմնական խոսակցությունը եղել է անձնական բնույթի, ծննդյան կապակցությամբ»,–ասել է Սիմոնյանը։
Ապրիլի 16-19-ը Ստամբուլում անցնելու է Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովը: