
Այս մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:
Նա հիշեցրել է, որ ամենասկզբում վերաբացվել են թռիչքները Երևանի և Ստամբուլի միջև, որոնք դադարեցված էին մի քանի տարի: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ուղիղ ավիափոխադրումները հնարավոր դարձնելու, ինչպես նաև Անիի պատմական կամուրջը վերականգնելու մասով. վերջինս փաստաթղթային գործընթացի փուլում է:
«Ամենամեծ պայմանավորվածությունը սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրողների համար բացելն է, ինչի վերաբերյալ մենք մեր կողմից անելիքն արել ենք, նկատի ունեմ անցակետի վերականգնումը: Լավ լուրն այն է, որ թուրքական կողմից այս տարի վերջապես սկսեցին աշխատանքներ անցակետի վերականգնման ուղղությամբ, և մենք սպասում ենք պայմանավորվածության իրագործմանը, և այս առումով գնդակը մեր դաշտում չէ»,- նշել է Ռուբինյանը:
Հարցին՝ եթե խաղաղությունը հաստատված է, ի՞նչն է պատճառը, որ գործընթացը հապաղում է, Ռուբինյանը պատասխանել է. «Խաղաղությունը հաստատված է, բայց գործընթացները պետք է գնան իրենց հունով: Մեր կողմից որևէ խնդիր չկա, ոչ էլ նախապայման կա: Պայմանավորվածությունը կա, պետք է իրագործվի»:
Հարցին՝ Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու համար Թուրքիա մեկնելո՞ւ է, Ռուբինյանը պատասխանել է՝ չի մեկնելու, բայց հայկական կողմից լինելու է ներկայություն: