ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունների վերսկսման և հարաբերությունների հետագա ընթացքի պատասխանատվությունն այժմ կրում է Թեհրանը։
Նրա խոսքով՝ ամերիկյան կողմը պատրաստակամություն է հայտնել ընդառաջ գնալ, սակայն անզիջում է հիմնարար հարցում. Իրանը պետք է դուրս բերի միջուկային նյութերը երկրի տարածքից։
Վենսն ընդգծել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է տեսնել Իրանը որպես «նորմալ երկիր»՝ զարգացած տնտեսությամբ և բարգավաճող ժողովրդով, սակայն դա հնարավոր է միայն երկու առանցքային պայմանի կատարման դեպքում։ Առաջինը միջուկային զենքի մշակումից վերջնականապես հրաժարվելն է, իսկ երկրորդը՝ ահաբեկչությանը ցուցաբերվող աջակցության դադարեցումը։
Ըստ փոխնախագահի՝ տնտեսական բարեկեցության և միջազգային հանրության լիիրավ անդամ դառնալու ճանապարհն անցնում է բացառապես այս քաղաքական փոփոխությունների միջով։
