ԱԺ նախագահը Ստամբուլում կհանդիպի Ադրբեջանի և Վրաստանի խորհրդարանների ղեկավարների հետ




 

1lurer. Այսօր խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ լրագրողները հարց ուղղեցին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ հետաքրքրվելով ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ հեռախոսազրույցից:


 


Սիմոնյանը պարզաբանեց՝ հեռախոսազանգը տեղի է ունեցել իր գործընկերոջ ծննդյան կապակցությամբ:


 


«Պետք է ասեմ, որ ամենալավ և հարգալից հարաբերություններն ունեմ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահի հետ: Մենք մշտապես խոսում ենք բաց և ուղիղ, երկուստեք հարգանքի տրամաբանության մեջ, ու հիմնական խոսակցությունը եղել է անձնական: Հեռախոսազանգը եղել է ծննդյան կապակցությամբ»,- պարզաբանեց ԱԺ նախագահը:


 


Սիմոնյանը նաև տեղեկացրեց՝ մի քանի օրից մեկնելու է Ստամբուլ և ենթադրում է՝ Մատվիենկոն նույնպես այնտեղ է լինելու 


 


«Ենթադրում եմ, որ այնտեղ կշփվենք, ոչ թե պաշտոնական հանդիպման մասին է խոսքը»,- հայտնեց նա:


 


Հարցին՝ ինչ միջոցառման է մասնակցելու Ստամբուլում ԱԺ նախագահը, պարզաբանեց՝ IPU-ի (Inter-Parliamentary Union, Միջխորհրդարանական միության) 152-րդ համաժողովին:


 


«Բազմաթիվ խորհրդարանների ղեկավարներ են այնտեղ լինելու: Այս պահի դրությամբ նախատեսված հանդիպում կա երկու գործընկերոջ հետ»,- ասաց Սիմոնյանը:


 


Լրագրողների ճշտող հարցին, թե ում հետ է հանդիպելու, հայտնեց՝ Ադրբեջանի և Վրաստանի գործընկերների՝ խորհրդարանների ղեկավարների հետ:


 


 


Հեղինակ`Կարմեն Ղուկասյան


 


 


Leave a Comment