14 ապրիլի 2026 – 11:41 AMT
PanARMENIAN.Net – Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան ապրիլի 3-ին ծանուցվել է ապրիլի 11-ին նախատեսված ՀԱՕԿ-ի գլխավոր ասամբլեայի նիստի և դրա օրակարգի վերաբերյալ, սակայն, «հաշվի առնելով մի շարք առերևույթ խախտումներ, ֆեդերացիան դիմել է դատական մարմիններին՝ վիճարկելով տեղի ունեցող գործընթացների օրինականությունը»: Այդ մասին ասվում է ֆեդերացիայի հայտարարության մեջ:
«Հարկ է նշել, որ ՀԱՕԿ-ի կանոնադրությամբ ՀԱՕԿ-ի նախագահը և վերստուգիչ հանձնաժողովի անդամները պաշտոնավարում են չորս տարի։ Վերջին անգամ նախագահի և անդամների ընտրությունը տեղի է ունեցել 2021 թվականի սեպտեմբերի 9-ին, ինչը նշանակում է, որ վերջիններիս պաշտոնավարումը պետք է ավարտվեր 2025-ի սեպտեմբերի 9-ին և դրանից հետո կայացված բոլոր որոշումները, այդ թվում՝ հրավիրված նիստը չեն կարող համարվել վավեր և իրավաչափ։
Միաժամանակ, ըստ կանոնադրության, վերստուգիչ հանձնաժողովը պետք է տարեկան առնվազն երեք անգամ նիստ անցկացներ։ Վերջին տարում այդ նիստերից ոչ մեկը տեղի չի ունեցել, այնինչ հանձնաժողովն ունի ֆինանսական գործունեության, ծախսերի ուսումնասիրության և մի շարք այլ առանցքային գործառույթներ, ուստի պարզ չէ՝ ինչ հաշվետվություն է կազմվելու և ներկայացվելու, ընդ որում, հրավիրված նիստի որևէ նյութ տրամադրված չէ։
Հարկ ենք համարում ընդգծել նաև, որ ուղարկված օրակարգում միայն նշված է, որ տեղի են ունենալու ընտրություններ, սակայն պարզ չէ՝ որ մարմիններն են ձևավորվելու, ովքեր են թեկնածուները, ինչը խախտում է ֆեդերացիայի՝ որպես ՀԱՕԿ անդամի ընտրելու և ընտրվելու իրավունքը։ Հաշվի առնելով այս և մի շարք այլ առերևույթ խախտումներ, ֆեդերացիան դիմել է դատական մարմիններին՝ վիճարկելով տեղի ունեցող գործընթացների օրինականությունը»,-նշվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան դիմել է դատարան՝ պահանջելով 2025 թվականի սեպտեմբերի 9-ից դադարած ճանաչել ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի լիազորությունները, և որպես հետևանք անվավեր ճանաչել 2025-ի սեպտեմբերի 9-ից նախագահի և հանձնաժողովի կողմից կայացված բոլոր որոշումները և գործողությունները:2025 թվականի հունվարի 22-ից ֆեդերացիայի նախագահի պաշտոնը զբաղեցնում է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, մինչդեռ Ծառուկյանը Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի (ՀԱՕԿ) նախագահն է 2004 թվականի սեպտեմբերի 9-ից։
Հայցվորը պնդում է, որ նրա պաշտոնավարման ժամկետը լրացել է 2025 թվականի սեպտեմբերի 9-ին, նոր ընտրություն չի անցկացվել, սակայն նա շարունակել է պաշտոնավարել որպես ՀԱՕԿ նախագահ։