Հայկ Սարգսյանի՝ գումարով զինծառայությունը կրճատելու վերաբերյալ նախագիծը չընդգրկվեց ԱԺ նստաշրջանի օրակարգում

Ազգային ժողովի՝ ապրիլի 14-ի նիստի սկզբում քննարկման ներկայացվեց ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացրած օրենքների նախագծերի փաթեթը» հարցը՝ այն նստաշրջանի օրակարգում ընդգրկելու նպատակով։

Նախագծի հեղինակ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը ներկայացման ընթացքում ընդգծեց, որ ծառայությունն ավարտած զինծառայողները մասնակցում են նաև վարժական հավաքների, մինչդեռ ծառայությունից խուսափողները շարունակում են պահպանել արտոնյալ կարգավիճակ։

«Գործող օրենսդրությամբ ծառայությունից խուսափած և 27 տարին լրացած անձինք վճարում են 15 մլն դրամ, այսպես նրանք որոշ չափով փակում են իրենց չծառայելու բացը: Առաջարկում եմ նույն սկզբունքով ՀՀ քաղաքացիությունից հրաժարվողներից նույնպես պահանջել 15 մլն դրամ և բաշխել 10 զինվորների միջև՝ ամեն մեկին տրամադրելով 1,5 մլն դրամ: Առաջարկում եմ նաև քաղաքացիությունից հրաժարվելուն տալ այլընտրանք, վճարել նույն 15 մլն դրամը և ծառայել 1 ամիս։ Խոստանում եմ ընդունել բոլոր՝ պետության համար շահավետ առաջարկները»,- նշեց նա՝ առաջարկելով հնարավորություն տալ նախագիծը քննարկել լիագումար նիստում։

Հարակից զեկուցող Արտյոմ Մեհրաբյանը տեղեկացրեց, որ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը տվել է բացասական եզրակացություն, իսկ Կառավարությունը ևս չի աջակցել նախաձեռնությանը։

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոջորյանը նշեց, որ իրենց դիրքորոշումը կհամապատասխանի գլխադասային հանձնաժողովի քվեարկությանը, որն էլ նախագծին դեմ է արտահայտվել։

Քվեարկության արդյունքներով ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացրած օրենքների նախագծերի փաթեթը» 8-րդ գումարման 11-րդ նստաշրջանի օրակարգում ընդգրկելու հարցին կողմ քվեարկեց 3 պատգամավոր, դեմ՝ 57, ձեռնպահ՝ 6։

Հայկ Սարգսյանը նշեց, որ առաջիկայում նախատեսվում են քննարկումներ Կառավարության և ՊՆ-ի հետ՝ վստահություն հայտնելով, որ կգտնվեն լուծումներ՝ ապահովելու բոլորի համար հավասար պայմաններ։

«Միայն կարծում եմ՝ կարող է չհասցնենք մինչև ամառային զորակոչ, և այս ամառ զորացրվողները չեն ստանա այն գումարները, որոնք արդեն իսկ հավաքագրվել էր ծառայությունից խուսափած և կարճաժամկետ ծառայություն անցնող տղաների վճարների գումարներից»,- ընդգծեց նա։

Leave a Comment