Հայաստանը մտնում է տնտեսական զարգացման բոլորովին նոր շրջափուլ, ինչը կապված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության հետ, ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի․ /ԱՌԿԱ/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղին անվանել է հուսալի ուղի՝ թե՛ ներմուծման, թե՛ արտահանման համար։
«Հայաստանը մտնում է տնտեսական զարգացման բոլորովին նոր շրջափուլ, ինչը կապված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության հետ»,- խոշոր գործարարների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով, մենք առաջիկայում մեծ իրադարձություններ ենք սպասում, որը կապված է առաջին հերթին TRIPP նախագծի գործարկման հետ, որը էական է նրանով, որ Հայաստանի Հանրապետությունն ի վերջո ամբողջական դուրս է բերելու շրջափակման վիճակից:
«Բայց, ըստ էության, այսօր էլ է Հայաստանը հաղթահարել շրջափակումը, որովհետև գիտեք, որ Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան հնարավոր է իրականացնել երկաթուղային բեռնափոխադրումներ և իրականացվում են»,-ասել է Փաշինյանը։
Նա հավելել է, որ «արտահանումներ ևս հնարավոր է իրականացնել երկաթուղով, իհարկե, Վրաստանի տարածքով, մինչ մենք Ադրբեջանի հետ առաջին հերթին TRIPP նախագծի շրջանակներում երկաթուղին կբացենք»:
«Սա շատ կարևոր է և քաղաքական պայմանավորվածությունը հետևյալն է, որ այդ երկաթուղին երբեք չի փակվելու։ Այսինքն՝ դա և՛ ներմուծման, և՛ արտահանման հուսալի ուղի է»,-ասել է վարչապետը։
Ավելի վաղ՝ 2026 թվականի փետրվարի 11-ին, Փաշինյանը Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել էր, որ Ադրբեջանը հաստատել է իր երկաթուղին հայկական ապրանքների արտահանման համար օգտագործելու հնարավորությունը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան երկաթուղային կապն արդեն գործում է, և Հայաստանից դեպի արտաքին աշխարհ Ադրբեջանի տարածքով ճանապարհը նույնպես բաց է։
TRIPP նախագծի մասին
«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարօրության» (TRIPP) նախագծի շուրջ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Հայաստանի, ԱՄՆ-ի և Ադրբեջանի առաջնորդներ Նիկոլ Փաշինյանի, Դոնալդ Թրամփի և Իլհամ Ալիևի միջև և ամրագրվել է 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված եռակողմ հռչակագրով։
2025թ.-ի դեկտեմբերի 10-ին Փաշինյանը հայտարարել է, որ անհրաժեշտ ենթակառուցվածքների՝ երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհների, նավթամուղների ու գազամուղների, ինչպես նաև օպտիկամանրաթելային մալուխների զարգացման իրավունքը կստանա հայ-ամերիկյան «TRIPP Company» համատեղ ձեռնարկությունը, որը կգրանցվի Հայաստանում։ Իրականացման և շինարարության փուլը նախատեսվում է սկսել 2026 թվականին։