Այսօր մի խումբ հայրեր եւ մայրեր, ի պաշտպանություն մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի հետ տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված 18-ամյա Դավիթ Մինասյանի, նստացույց՝ լուռ ակցիա են սկսել Գլխավոր դատախազության շենքի դիմաց:
Դավիթ Մինասյանի նկատմամբ ընտրվել է կալանքը որպես խափանման միջոց, սակայն առողջական խնդիրների պատճառով կալանավայրից տեղափոխվել է հիվանդանոց: Նստացույցի մասնակիցները պահանջում են ազատ արձակել նրան, ինչպես նաև հանդիպում են պահանջում Գլխավոր դատախազի հետ։
Մասնակիցները նշել են որ նստացույցը կշարունակվի մեկ շաբաթ։
Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին՝ շաբաթ օրը, վարույթն իրականացնող մարմինը հայտարարել էր գործով նախաքննության ավարտի մասին։ Փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը տեղեկացրել է, որ այսօր ժամը 13:50-ի դրությամբ քննիչը դեռ չի տրամադրել Դավիթ Մինասյանի գործով ամբողջ նյութերը, այն պայմաններում, երբ նախաքննության ավարտ հայտարարելուց հետո սահմանափակել էր նյութերին ծանոթանալու պաշտպանների ժամկետը, այն սահմանելով այսօր մինչև ժամը 14:00:
«Ի դեպ, մինչ այս պահը չենք ստացել նաև քննիչի՝ մեղադրյալի և պաշտպանների նյութերին ծանոթանալու ժամկետը սահմանափակելու մասին 11.04.2026թ-ի որոշման դեմ նույն օրը դատախազին ներկայացված բողոքիս պատասխանը»,- գրել է նա։