Մեզ շատ հաճախ մեղադրում են ներելու, ողբերգությունը մոռացության տալու, ուրանալու մեջ, բայց եթե աշխատանքներ չտարվեն, խաղաղություն երբեք չի լինելու. Արեգ Քոչինյան

Մենք երեկ վերադարձել ենք Ադրբեջան տեղի ունեցած «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հերթական 4-րդ հանդիպումից, որը տեղի է ունեցել 20 + 20 ձևաչափով։ Այդ մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության համակարգող Արեգ Քոչինյանը՝ հավելելով, որ Ադրբեջան մուտք են գործել՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատված-սահմանագծված հատվածով անցնելով բոլոր համապատասխան անձնագրային, մաքսային վերահսկողություն ընթացակարգերը։

«Ինքը փաստը, որ տեղի է ունենում այս ֆորմատով չորրորդ հանդիպումը, և կա հստակ պայմանավորվածություն, որ հանդիպումները շարունակվելու են, արդեն իսկ բավականին մեծ ձեռքբերում է։ Մենք չենք կարող այս հարթակից, այս ֆորմատից ունենալ գերադրական ինչ-որ աստիճանի ըկնկալիքներ, որ 38 տարվա կոնֆլիկտից հետո փորձագետների, քաղհասարակության, մեդիա ներկայացուցիչների 4 հանդիպման արդյունքում մեծ բաներ պետք է փոխվեն հասարակության մեջ, բայց ինքը փաստը, որ այդ հանդիպումները տեղի են ունենում, դրանք ընդլայնվում են, շարունակվում են, ես կարծում եմ՝ բավականին կարևոր են։

Երկրորդը, դուք կարող եք նշել տասնյակ պատճառներ, ես կարող եմ դրանց ավելացնել հարյուրավոր պատճառներ, թե ինչու մենք չպետք է գնանք Ադրբեջան, և ինչու ադրբեջանական կողմի պատվիրակները չպետք է գան Հայաստան։ Բայց ես կարող եմ մեկ պատճառ նշել, թե ինչու այդ այցելությունները պետք է տեղի ունենան. իմ գնահատմամբ՝այս այցելությունները նպաստում են խաղաղության օրակարգի առաջ մղմանը, նպաստում են Հայաստանի և Ադրբեջանի հասարակությունների միջև խաղաղության հաստատմանը և ինչ-որ չափով աջակցում են նաև երկու երկրների իշխանությունների կողմից առաջ մղվող խաղաղության օրակարգին»,-համոզմունք հայտնեց Արեգ Քոչինյանը։

Նրա խոսքով՝ իրենց հետ հանդիպումներում թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի պետական պաշտոնյաները վստահեցրել են, որ Հայաստանի և Ադրբեջանի մեջ արդեն իսկ կա խաղաղություն, այն արդեն իսկ հաստատվել է, այդ խաղաղությունը հիմա ընդլայնման, խորացման փուլում է։

«Սա երևի թե կարևոր է, որովհետև մենք, շատ հաճախ խոսելով դետալներից, պրոցեսից, մեր ամենօրյա լրահոսից, ընդհանուր պատկերը ինչ-որ չափով լղոզում ենք կամ մոռանում ենք։

Երրորդը. մեզ շատ հաճախ մեղադրում են մոռացության, ներելու, ողբերգությունը մոռացության տալու, ուրանալու մեջ։ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնությունը անցյալը մոռանալու, ուրանալու, փոխելու, սրբագրելու, խմբագրելու մասին չէ: «Խաղաղության կամուրջ» նախաձեռնությունը առկա նարատիվների, առկա  պատմության, առկա իրականության կողքին նոր նարատիվներ, նոր հնարավորություններ ձևավորելու մասին է։ Կհաջողվի՞ այն, թե ոչ, բնականաբար որևէ մեկը երաշխիք չի կարող տալ, ինչպես և չի կարող երաշխիք տալ խաղաղության գործընթացի հաջողել-չհաջողելու վերաբերյալ, որովհետև դա էլ իր հերթին կապված է բազմաթիվ գործընթացների հետ։

Մի բան ուղղակի հաստատ է, որ թե՛ մեր աշխատանքը, թե՛ մնացած աշխատանքները, որոնք տարվում են խաղաղության հաստատման ուղղությամբ, երաշխավորված չեն հաջողության, բայց երաշխավորված է, որ եթե այդ աշխատանքները չեն տարվում, ապա խաղաղություն երբեք չի լինելու»,- շեշտեց Արեգ Քոչինյանը։

Leave a Comment