«Վենսի այցը Բուդապեշտ հաշվարկային սխա՞լ էր, թե՞ ծուղակ»․ Հակոբ Բադալյան

«Վենսի այցը Բուդապեշտ հաշվարկային սխա՞լ էր, թե՞ ծուղակ»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Հունգարիայի վարչապետ Օրբանը պարտվեց խորհրդարանի ընտրությունը: Դրա մասին վկայում էին ավելի վաղ արվող սոցհարցումները, թեև կար շանս, որ Օրբանը կունենա արդյունքի այնպիսի կոնֆիգուրացիա, որ հնարավորություն կտա այլ՝ մասնավորապես ազգայական ուժերի հետ կազմել կոալիցիա և պահպանել իշխանությունը:

Բայց, Օրբանը պարտվեց: Եվ կարծես թե պարտվեց նաև ԱՄՆ վարչակազմը, կամ առնվազն՝ փոխնախագահ Վենսը, որը այցելել էր Բուդապեշտ՝ ընտրությունից կարճ ժամանակ առաջ և ակներև աջակցել Օրբանին: Հետո ավելի հեռվից աջակցություն հայտնել էր նաև Թրամպը: Սակայն, դա չօգնեց Օրբանին: Ավելին, գուցե Հունգարիայի իրավիճակին առավել հանգամանալից տիրապետողները կասեն, որ ավելի խանգարեց: Սակայն սա, իհարկե, իբրև վարկած, որովհետև վստահ չեմ՝ Վենսի բացահայտ աջակցությունը խանգարեց, թե՞ ոչ:

Այստեղ ավելի կարևոր եմ համարում հետևյալ հարցը. ի՞նչ էին մտածել Վենսի այցը կազմակերպողները: Հաշվարկի սխա՞լ էր նրա այցը Բուդապեշտ, որի հետևանքով փաստորեն Վենսը «մնաց» Օրբանի պարտության տակ: Չէ՞ որ, այցելելով և նրան հայտնելով բացահայտ աջակցություն, ԱՄՆ փոխնախագահը փաստորեն դարձավ պարտվողներից մեկը: Հետևաբար, նրա այցը հաշվարկային սխա՞լ էր, թե՞ ծուղակ, ուր գցեցին փոխնախագահ Վենսին:

Սա արդեն կերևա Միացյալ Նահանգներում: Նկատենք, որ փոխնախագահ Վենսը, որ 2028 թվականին նախագահի թեկնածուներից մեկն է, իսկ շատ գնահատականներով՝ ամենահավանականը հանրապետականների շարքում, վերջին օրերին, փաստորեն, հայտնվեց երկու «անպտուղ» դրվագում՝ ապարդյուն բանակցություն Պակիստանում և պարտություն Հունգարիայում:

Սա խա՞չ է Վենսի շանսերի վրա՝ 2028-ի հաշվարկով: Չէ՞ի շտապի: Առավել ևս, որ դեռ պարզ չէ, թե իրականում ինչ է պրոցեսը Պակիստանում, այնտեղ ապարդյո՞ւն է, թե՞ պարզապես արդյունքը ծավալվում է հետնաբեմում: Եվ Բուդապեշտի մասով էլ, դեռ մեծ հարց է, թե ինչ է անելու Հունգարիայի նոր կառավարությունը, հատկապես տնտեսական ու էներգետիկ ճգնաժամում հայտնվող Եվրամիության հետ»:

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան

Leave a Comment