Պարկինսոնի հիվանդություն. ախտանշաններ, բուժում և նորարարական վիրաբուժություն Հայաստանում. «Երկրորդ շնչառություն»

Պարկինսոնի հիվանդությունը համարվում է ամենատարածված նեյրոդեգեներատիվ հիվանդություններից մեկը, որի հետևանքով ժամանակի ընթացքում վնասվում են գլխուղեղի որոշ կենտրոններ։

«Արաբկիր» բժշկական համալիրի նյարդավիրաբուժական ծառայության ղեկավար Նիկո Արզումանյանն ասում է, որ մինչ հիվանդության պատճառները դեռ ուսումնասիրվում են, բուժման արդյունավետ տարբերակներ արդեն գործում են մեր երկրում: Լինում են դեպքեր, երբ հիվանդության առաջին ախտանշաններն ի հայտ են գալիս բավական վաղ՝ 40 տարեկանից հետո, ինչը բուժառուները հաճախ չեն նկատում և բժշկի են դիմում տարիներ անց՝ արդեն ուշ փուլերում:

Ինչպե՞ս ճանաչել հիվանդությունը

Բժիշկը բացատրում է, որ ախտանշանները կարող են ի հայտ գալ ինչպես համակցված, այնպես էլ առանձին։ Պարկինսոնի մասին կարող են վկայել.

  • Շարժողական խանգարումները,
  • Դողն ու կարկամությունը վերջույթներում,
  • Քնի և խոսքի խնդիրները,
  • Քայլքի ու մարսողության խանգարումները:

Նման դեպքերում առաջնահերթ հարկավոր է դիմել շարժողական խնդիրներով մասնագիտացած նյարդաբանի:

Նորարարական բուժումը Հայաստանում

Դեղորայքային բուժմանը զուգահեռ՝ Հայաստանում այսօր կիրառվում են նաև վիրահատական նորարար մեթոդներ:

«Էլեկտրական հոսանքի օգնությամբ՝ գլխուղեղի խորանիստ հատվածների խթանման միջոցով, այսօր մենք ճնշում ենք վնասված հատվածների ախտաբանական ակտիվությունը»,— ասում է բժիշկը՝ հավելելով, որ այս մեթոդն ամբողջովին կարող է փոխել հիվանդների կյանքի որակը:

Կան լիցքավորվող և չլիցքավորվող սարքեր, որոնց հետ բուժառուին տրամադրվում է հատուկ ծրագրավորիչ՝ կարգավորումները կառավարելու համար:

Leave a Comment