
Այն պնդումները, թե Իսլամաբադում Իրան-ԱՄՆ բանակցություններն անարդյունք են ավարտվել Թեհրանի՝ միջուկային զենք ձեռք բերելու ցանկության պատճառով, իրականությանը չեն համապատասխանում, հաղորդում է Associated Press-ը՝ հղում անելով իրանցի անանուն պաշտոնյայի։
«Սա ճիշտ չէ։ Իրանի դիրքորոշումը հստակ է։ Իրանը չի ձգտում միջուկային զենքի, բայց իրավունք ունի օգտագործելու միջուկային էներգիան խաղաղ նպատակներով։ Այս իրավունքն անվիճելի է և չի կարող մերժվել»,- ասել է իրանցի պաշտոնյան։
Նա նաև պնդել է, որ Թեհրանը պատրաստ է սահմանափակել իր միջուկային գործունեությունը, այդ թվում՝ միջուկային նյութերի հարստացման մակարդակը՝ որպես վստահության ամրապնդման միջոցառումների մաս։ Սակայն նա չի մանրամասնել, թե ինչու Իրան-ԱՄՆ բանակցությունները չեն հանգեցրել համաձայնության։
Կիրակի օրն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգթոնը և Թեհրանը չեն կարողացել համաձայնության գալ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ։
Իրենց հերթին, երկու պակիստանցի պաշտոնյաներ Associated Press-ին ասել են, որ չնայած բանակցությունները չեն հանգեցրել համաձայնության, դրանք դեռևս դրական առաջին քայլ են և չպետք է որակվեն՝ որպես «ձախողում»։ Գործակալության զրուցակիցները բացատրել են, որ դիվանագիտությունն աստիճանական գործընթաց է, և որ կողմերին երկխոսության միջոցով հաջողվել է «վերաբացել դիվանագիտական ուղիները»։
Իր հերթին, Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսաիդին, որը միջնորդել է ԱՄՆ-Իրան բանակցությունները, կոչ է արել նրանց «ցավոտ զիջումների գնալ»՝ ռազմական գործողություններից խուսափելու համար փոխզիջման հասնելու համար։