Մուտքի և ելքի համակարգը (Entry Exit System-EES) ավտոմատացված ծրագիր է, որը գրանցում է եվրոպական 29 երկրներ այցելող ԵՄ անդամ չհանդիսացող երկրների քաղաքացիներին: Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է Եվրոպական հանձնաժողովի միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրինության տարածած հաղորդագրությունից։
Ամեն անգամ, երբ ԵՄ անդամ չհանդիսացող երկրի քաղաքացին (այդ թվում՝ ՀՀ քաղաքացին) հատում է այս երկրների սահմանը կարճ ժամանակով, համակարգը ֆիքսում է նրա տվյալները:
Համակարգը գրանցում է անձի անունը, ճամփորդական փաստաթղթի տվյալները, կենսաչափական տվյալները (մատնահետքեր և դեմքի լուսանկար), ինչպես նաև մուտքի և ելքի ամսաթիվն ու վայրը՝ հիմնարար իրավունքների և տվյալների պաշտպանության կանոնների լիակատար պահպանմամբ։ Այն արձանագրում է նաև մուտքի մերժման դեպքերը։
Հիմնական փոփոխությունները և նպատակները
Անցում թվային գրանցման․ 2026 թվականի ապրիլի 10-ից EES համակարգը փոխարինում է անձնագրերում կնիքների տեղադրման գործընթացին։ Սա թույլ կտա ավտոմատ կերպով հայտնաբերել այն անձանց, ովքեր գերազանցել են թույլատրելի կացության առավելագույն ժամկետը։
Անվտանգություն և վերահսկողություն․ Համակարգը նպաստում է անօրինական միգրացիայի կանխարգելմանը և օգնում է պաշտպանել Եվրոպայում բնակվող կամ ճամփորդող անձանց անվտանգությունը։ Այն հնարավորություն է տալիս առավել արդյունավետ նույնականացնել ժամկետանց կացությամբ անձանց, ինչպես նաև նրանց, ովքեր փորձում են հատել սահմանը կեղծ փաստաթղթերով։
Հարմարավետություն ճամփորդների համար․ EES-ի ներդրումը թույլ կտա լայնորեն կիրառել սահմանային հսկողության ավտոմատացված և ինքնասպասարկման համակարգեր, որոնք ավելի արագ և հարմարավետ են ուղևորների համար։
Համակարգի մշակման և գործառնական կառավարման համար պատասխանատու է ազատության, անվտանգության և արդարադատության ոլորտում խոշորածավալ տեղեկատվական համակարգերի գործառնական կառավարման եվրոպական գործակալությունը (eu-LISA)։