2023 թվականի ընթացքում զոհված և Եռաբլուրում հուղարկավորված անձանց տապանաքարերի ծախսերը կփոխհատուցվեն. Կառավարության նոր որոշում

Որպես կանոն զինվորական ծառայության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների հուղարկավորության, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման հետ կապված ծախսերը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին են հատուցվում։ 2026 թվականի ապրիլի 9-ին Կառավարությունը որոշում է ընդունել՝ փոխհատուցելու 2023 թվականին զոհվածների ընտանիքների միջոցներով տապանաքարերի պատրաստման և տեղադրման ծախսերը։

Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, ՀՀ կառավարության 2026 թվականի ապրիլի 9-ի N 457-Ն որոշմամբ լրացում և փոփոխություն է կատարվել 2023 թվականի մայիսի 4-ի N 661-Ն որոշման մեջ։

Ո՞ւմ է վերաբերում որոշումը

Նոր որոշումը վերաբերում է 2023 թվականի ընթացքում զոհված (մահացած) և հետագայում «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հուղարկավորված անձանց ընտանիքներին։

Ինչ ծախսեր են փոխհատուցվում

Որոշման համաձայն՝ փոխհատուցվում են ընտանիքների միջոցներով տապանաքարերի պատրաստման և տեղադրման ծախսերը։

Փոխհատուցման չափը

N 661-Ն որոշման համաձայն՝ փոխհատուցումը տրամադրվում է ՀՀ պաշտպանության նախարարության և «ԼԻԲՐԱ-Ս» ՍՊԸ-ի միջև 2021 թվականի նոյեմբերի 18-ին կնքված N ՀՄԱԱՊՁԲ-21-10/8-1 պայմանագրով տվյալ տեսակի շիրմաքարերի լրակազմերի կամ դրանց բաղադրիչների համար նախատեսված գումարի չափով։

Փաստաթղթերի հավաքագրում

Նոր որոշման համաձայն՝ ՀՀ պաշտպանության նախարարության սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանումն իրականացնում է փաստաթղթերի հավաքագրումը՝ հիմք ընդունելով՝

  1. ՀՀ պաշտպանության նախարարության իրավասու ստորաբաժանման կողմից ներկայացված անվանացուցակը (հուղարկավորված անձի անունը, ազգանունը, հայրանունը, հատուցման գումարի չափը)
  2. Փոխհատուցում ստանալու վերաբերյալ իրազեկման հայտարարությունը
  3. ՀՀ ներքին գործերի նախարարությունից և ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից հուղարկավորված անձի զոհվելու (մահանալու) հանգամանքների վերաբերյալ ստացված տեղեկատվությունը

Փոխհատուցման տրամադրում

Որոշման համաձայն՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը՝ ՀՀ պաշտպանության նախարարությունից ստացված անվանացանկի և չափերի հիման վրա՝ ապահովում է հատուցման տրամադրումը շահառուներին։

Որոշումն ուժի մեջ է մտել 2026 թվականի ապրիլի 10-ին, – տեղեկացնում է Iravaban.net-ը։

Հավելյալ տեղեկությունների համար կարող եք այցելել Iravaban.net առցանց մասնագիտական մեդիա։

Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։ Կոնկրետ իրավիճակներում իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել մասնագետի։

Leave a Comment