Գերմանական Lufthansa ավիաընկերության օդաչուները հայտարարել են հերթական գործադուլի մասին․ երկուշաբթի և երեքշաբթի օրերին սպասվում են չվերթերի չեղարկումներ։ Գործադուլը կտևի երկուշաբթի ժամը 00:01-ից մինչև երեքշաբթի ժամը 23:59-ը։
Ուրբաթ օրը տեղի էր ունեցել Lufthansa-ի բորտուղեկցորդների գործադուլը։ Հազարավոր ուղևորներ բախվել էին չվերթերի չեղարկմանը։
Գործադուլի պատճառներն են գործատուի կողմից ներկայացված անբավարար առաջարկները՝ կապված կորպորատիվ կենսաթոշակային ապահովման և աշխատավարձի շուրջ ընթացող կոլեկտիվ աշխատանքային վեճերի հետ։ Արհմիությունը նաև իր անդամներին կոչ է արել մասնակցել չորեքշաբթի նախատեսված ցույցին, որը կազմակերպում է բորտուղեկցորդների UFO արհմիությունը Ֆրանկֆուրտի օդանավակայանում։
Ուղևորները պետք է պատրաստ լինեն, որ նոր շաբաթվա սկզբին կրկին բազմաթիվ չվերթներ կչեղարկվեն, սակայն Մերձավոր Արևելքում առկա իրավիճակի պատճառով, արհմիության տվյալներով, գործադուլից ազատվել են Գերմանիայից դեպի տարածաշրջանի մի շարք երկրներ՝ Ադրբեջան, Եգիպտոս, Բահրեյն, Իրաք, Իսրայել, Եմեն, Հորդանան, Կատար, Քուվեյթ, Լիբանան, Օման, Սաուդյան Արաբիա և ԱՄԷ իրականացվող չվերթերը։
