Իսրայելական աղբյուրները հայտնել են, որ ապրիլի 11-ին ԱՄՆ և Իրանի պատվիրակությունները ժամանել են Իսլամաբադ: Ամերիկյան պատվիրակությունը, ինչպես կանխատեսվել էր ավելի վաղ, գլխավորում է փոխնախագահ Ջեյ Դի Վենսը:
Պատվիրակության կազմում ընդգրկված են նաև Ջարեդ Քուշները և Սթիվեն Ուիթկոֆը: Իրանական պատվիրակությունը գլխավորում է խորհրդարանի նախագահ Մոհամեդ Բաղեր Ղալիբաֆը:
Բանակցություններին կմասնակցի նաև արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին: Ըստ տեղեկություններին, Իրանի պատվիրակության կազմում է նաև Կենտրոնական բանկի նախագահը:
Tasnim գործակալությունը, վկայակոչելով Իրանի պատվիրակության անդամներից մեկին, հայտնել է, որ Իսլամաբադում «բանակցությունները կտևեն մեկ օր»: Արևմտյան մամուլին հայտնի է դարձել, որ բանակցությունները կընթանան «ինչպես միջնորդավորված, այնպես էլ ուղղակի ձևաչափով»:
Խորհրդարանի նախագահ Ղալիբաֆը ասել է, որ «Իրանը լավատեսորեն է տրամադրված, բայց ԱՄՆ հանդեպ վստահություն չկա»:
Ավելի հակասական են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները: Իրանի կողմից ներկայացված տասը առաջարկությունները գնահատելով «բանակցությունների հիմք», նա Իսլամաբադի հանդիպման նախօրեին դարձյալ սպառնացել է, որ Հորմուզի նեղուցը կբացվի ուժով:
Թրամփը հայտարարել է ամերիկյան ռազմանավերը նորագույն սպառազինություններով զինելու մասին: Թրամփը սոցիալական անձնական հարթակում նաև բացահայտ ծաղրել է Իրանի պատվիրակությանը՝ գրելով, թե «նրանց միակ հնարավորությունը բանակցություններն» են:
Ակնարկն, ամենայն հավանականությամբ, այն մասին է, որ իրանական պատվիրակության անդամները ողջ են, քանի որ այդպես է որոշել ԱՄՆ նախագահը:
Այս պայմաններում Իսլամաբադի բանակցություններից դժվար է որևէ ակնկալիք ունենալ, եթե, իհարկե, չկան ոչ հրապարակային պայմանավորվածություններ, ինչի հավանականությունը մի շարք արևմտյան աղբյուրներ չեն բացառում: