Իսլամաբադում Իրան-ԱՄՆ բանակցություններն ավարտվել են առանց արդյունքի

Իսլամաբադում Իրանի և ԱՄՆ-ի միջև անցկացված բանակցություններն ավարտվել են առանց արդյունքի, հաղորդում է Tasnim գործակալությունը՝ հղում անելով իր թղթակցին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ շուրջ 21 ժամ տևած ինտենսիվ բանակցություններից և խորհրդակցություններից հետո կողմերին չի հաջողվել հասնել ընդհանուր համաձայնության։ Հիմնական խոչընդոտն ամերիկյան կողմի չափազանց պահանջներն ու դիրքորոշումներն են եղել:

Իրանական պատվիրակությունը բանակցությունների ընթացքում պնդել է Իրանի ժողովրդի հիմնարար իրավունքների պահպանման անհրաժեշտությունը՝ ընդգծելով հատկապես քաղաքական, ռազմական և խաղաղ միջուկային տեխնոլոգիաների ոլորտները։

Բանակցություններին մասնակցել են Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաքեր Ղալիբաֆը, արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաքչին և Ալի Բաքերին:

Հաղորդվում է, որ ամերիկյան կողմը փորձել է առաջ քաշել մի շարք պահանջներ, որոնք, ըստ իրանական աղբյուրների, չեն հաջողվել իրականացնել ռազմական ճանապարհով։ Դրանց թվում են Հորմուզի նեղուցին առնչվող հարցերը և միջուկային նյութերի դուրսբերումը Իրանից։

Իրանական կողմը, իր հերթին, ներկայացրել է մի շարք նախաձեռնություններ՝ ընդհանուր շրջանակի շուրջ համաձայնության հասնելու նպատակով, սակայն, ինչպես նշվում է, կողմերի միջև դիրքորոշումների տարբերությունը թույլ չի տվել առաջընթաց գրանցել։

Leave a Comment