
«Ես զինվորական եմ, ինձ խորթ են երկիմաստ քայլերը և խոսքերը, ինձ համար կա մի հստակ բան՝ հայրենիքը պետք է պաշտպանել, և եթե այսօրվա իշխանությունները չեն պաշտպանում մեր հայրենիքը, մենք փոխելու ենք այդ իշխանություններին»,- այս մասին Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ,
հայտնի հետախույզ Արթուր Ավանեսյանը։
«Այսօր ես հենց այս փոփոխության պայքարի զինվորն եմ, այնպիսի փոփոխության, որ փրկելու է մարդկանց կյանքը մեր երկրում, այնպիսի փոփոխության, որը կանխելու է պատերազմներ։ Որպես զինվորական՝ ես լավագույնս գիտեմ խաղաղության արժեքը, քանի որ պատերազմի գինը ես գիտեմ շատերից լավ։ Ես տեսել եմ, թե ինչպես են իմ ընկերները զոհվում պատերազմում, և ինքս էլ դրա համար անձնական ծանր գին եմ վճարել, բայց և այնպես մահը այնքան սարսափելի չէ, ավելի սարսափելի է մեռելի պես ապրելը։ Հայաստանն արյամբ է վճարել խաղաղություն ունենալու համար, խաղաղությունը վճարվել է հայրենիքի համար զոհված արժանավոր մարդկանց կյանքերի գնով, խաղաղությունը վճարվել է տասնյակ հազարավոր տեղահանված ընտանիքների ճակատագրի գնով։
Կա միայն մեկ առաջնորդ, ով կարող է ապահովել մնայուն և ուժեղ խաղաղություն, դա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանն է»,- ընդգծել է Ավանեսյանը։